23.11.2024
Բոլոր կարգի սահմաններն անցած իշխանությունը շարունակում է քաղաքական բռնաճնշումները
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունենալու է իր ազդեցությունը. Մանուկյան

Կոչ եմ անում բանակին՝ եթե հրաման լինի հանձնել Տավուշի բարձունքները, չանե՛ք, այլապես դուք կդավաճանեք ժողովրդին, կկործանեք պետությունը: Այս մասին "Պրեսսինգ" հաղորդաշարի եթերում հայտարարել է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով,  Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, որ Հայաստանը երբևիցե ոտքի կանգնի, որովհետև Ադրբեջանը Հայաստանից վախենում է։ Իրենք գիտեն՝ հայերի հետ գլուխ դնելը դժվար է, դրա համար հիմա ուզում են քոքահան անել։ Ադրբեջանը գիտի՝ պատահականությունների հանրագումարն էր, որ նա հաղթեց 44-օրյա պատերազմում։

"Նախորդ 20 տարվա ընթացքում Ադրբեջանը լավ զինվեց, բայց 2016թ․ Ապրիլյան պատերազմը 4 օր տևեց ու դադարեցվեց հենց Ադրբեջանի խնդրանքով։ Այսինքն՝ իրենք նույնիսկ այդ պայմաններում չկարողացան հաղթել հայերին։ Ադրբեջանի համար 44-օրյա պատերազմը հաղթելու համար հարմար, նպաստավոր պայման եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։  Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, որովհետև դեռ այնքա՜ն բան ունի ստանալու",- ասել է Մանուկյանը։

Նա վստահություն հայտնեց, որ հիմա Ադրբեջանը կվախենա պատերազմ սկսել Հայաստանի դեմ, բայց երբ Տավուշի գյուղերը հանձնեն, ու բարձունքները վերցնեն, ավելի հեշտ կլինի. "Դրանով պատերազմը կմոտենա Երևանին։ Տավուշի տարածքը միայն տավուշցիներինը չէ, և նրանք չէ, որ պիտի որոշեն՝ էդ տարածքը տա՞ն, թե՞ չտան։ Տավուշի ամեն թիզ հողը բոլորինս է։ Փաշինյանը չի կարող գնալ, այդ տարածքների բնակիչներին բաներ խոստանալ, որպեսզի լքեն այն",- նշել է նա։
 
Վազգեն Մանուկյանը շեշտել է՝ Ադրբեջանն արդեն իսկ որոշ չափով մտել է Երևան․ նա ներկա է կառավարական շենքերում։
 
"Փաշինյանը համ ինքնուրույն է, համ գործիք է։ Մի մարդ է, ով «աբիժնիկ» լինելով՝ եկել է իշխանության։ Փողն ու իշխանությունը նրա կոմպլեքսներն են։ Երբ ոչ ճիշտ մարդն այստեղից-այնտեղից վերցնում է գաղափարներ, այդ գաղափարները դառնում են կարիկատուրաներ։ Ինքը շատ հարմար էր օգտագործելու համար։ Իրեն օգտագործում են և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան։ Հայերն օգտագործման բոլոր այդ ձևերում տուժող են։ Դու չպիտի անցնես մեկի կամ մյուսի կողմը, դու պիտի խաղաս հզորների հետ, բայց դրա համար պիտի լինես վստահելի, քո սեփական պետության ու նրա շահերի համար պայքարող։ Ոչ մի պետություն նպատակ չունի Հայաստանը փրկելու կամ հզորացնելու՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Արևմուտքը։ Բոլորը ուզում են քեզ օգտագործել։ Նրանք միայն հանուն Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս բերելու՝ կարող են քեզ օգնել, բայց այդ պրոբլեմն այստեղ չի լուծվելու, այլ Ուկրաինայում։  Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունենալու է իր ազդեցությունը, և ուզես թե չուզես՝ դու նրա հետ պիտի հաշվի նստես",- շեշտել է նա։

Վազգեն Մանուկյանի խոսքով, Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում ոչ իր օգտին քաղաքականություն է վարում, բայց այդ հարաբերությունները վաղ թե ուշ քանդվելու են։

"Հարավային Կովկասի համար Ռուսաստանի և Թուրքիայի պայքարը շարունակվում է։ Ռուսաստանը դուրս չի գա Հարավային Կովկասից, դա նրա համար մահացու է։ Եթե գնա էլ, վերադառնալու է, բայց մենք մեր առաջ չպետք է նրան այստեղից հանելու խնդիր դնենք, որովհետև երբ Ռուսաստանը դուրս է գալիս, հետո զենքով է մտնում։ Այդպես եղավ մի անգամ, երբ Ռուսաստանը դուրս եկավ Հարավային Կովկասից, բայց հետո 11-րդ բանակը վերադարձավ զենքով։ ՆԱՏՕ-ն մեր անվտանգությունն ապահովելո՞ւ է։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը դառնան ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան էլ անդամ է, այս երեքի կոնֆլիկտի մեջ ՆԱՏՕ-ն չի խառնվելու։ ՆԱՏՕ-ն կխառնվի, եթե Սինգապուրը հարձակվի մեզ վրա, որովհետև ՆԱՏՕ-ն չի խառնվում իր անդամ երկրների հակամարտության մեջ, ինչպես չխառնվեց Թուրքիա-Հունաստան կոնֆլիկտին Կիպրոսի հարցով",- հավելել է նա։