23.11.2024
Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունենալու է իր ազդեցությունը. Մանուկյան
prev Նախորդ նորություն

Ալիևը Փաշինյանին հանդիմանել է. ի՞նչ է կատարվել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պարզվում է՝ Ադրբեջանի նախագահը ոչ միայն տարածքային զիջումներ է պարտադրում ՀՀ ղեկավարին, այլեւ գրաքննության է ենթարկում իշխանության ներկայացուցիչների ելույթներն ու հարցազրույցները: Հատկապես` եթե նրանք խոսում են վերականգնվելու, Արցախը հետ բերելու, բանակը զինելու կամ ռեւանշի գնալու մասին։ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ամիսուկես առաջ հարցազրույց է տվել, որտեղ ասել է. «Մեզ 1-1,5 տարի եւս անհրաժեշտ է, որ ամբողջությամբ կարողանանք մեջքներս ուղղել, եւ թուրքի հետ ուրիշ ձեւով կխոսենք»։ Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։ 


Մենք գրել էինք, որ այդ վերջին փակ հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, պատգամավորներից ոմանք ըմբոստացել են միակողմանի զիջելու քաղաքականությանը, նրանց թվում է եղել Հակոբ Ասլանյանը, ում ելույթի առիթով Փաշինյանը հիշատակել է իր եւ Ադրբեջանի ղեկավարի զրույցը՝ ասելով, թե խաղաղության գործընթացին նաեւ այդպիսի հայտարարություններն են վնասում։ Ասլանյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս պատմությունը, հակառակը` հպարտորեն խոստովանեց, որ Ալիեւն իսկապես իր հարցազրույցը ծանր է տարել։ «Այո, ինքը վախենում է դրանից, մոտ 2 տարի առաջ էլ երկրաշարժի առիթով մեր ուղարկած մարդասիրական օգնությունից հետո Ստամբուլում իմ մասին  հոդված գրեցին, որ, ճիշտ է` Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել, բայց դա կեղծ է, եւ դրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ ԱԺ իշխող ուժում կա պատգամավոր՝ Հակոբ Ասլանյան անունով, որն ասում է` ինձ համար ամենալավ թուրքը մեռած թուրքն է»,- ասաց պատգամավորը։


 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՄԱԿ ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ ունեցած անհամաձայնությունն է, որն առաջացել է մոտ մեկ տարի առաջ: Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանը եւ այլ «ռեֆորմների», որոնցով այս իշխանությունները, ըստ էության, ոտնահարում են ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Թե ինչու Արսենյանն այս ընթացքում չի հրաժարվել մանդատից` ձգվել է հարցը, կարծում ենք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալու գործընթացն է առկախել այն: Ինչպես հայտնի է, դեռեւս անցած սեպտեմբերին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ԱԳՆ են ուղարկել Արսենյանին դեսպան նշանակելու հայտը, բայց ագրեմանն այդպես էլ չի եկել, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն մերժել է հայտը։ Իսկ երեկ արդեն կրեմլյան շրջանակներին հարող բլոգերները տարածում էին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, որոնց թվում նաեւ Գ. Արսենյանի անունն է։ Նշենք, որ ՌԴ-ն արգելել է նաեւ Արցախի ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան Պետրոսյանի մուտքը: Երեկ նա հայտնել է, որ մեկնել է Մոսկվա, սակայն օդանավակայանում ձերբակալել են եւ մի քանի ժամ հետո վերադարձրել Երեւան։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա օրերս տեղի ունեցած զինված հարձակման մեջ իշխանական թիմն արտաքին հետք է տեսնում։ Ներքին զրույցներում ՔՊ-ականներն ասում են, որ Արեւմուտքը մեծացնում է ճնշումն իշխանության վրա, որ օր առաջ գնան զիջումների՝ կնքելով խաղաղության պայմանագիրը, որից հետո վերջապես կիրականանա իրենց երազանքը՝ ռուսներին Հայաստանից դուրս մղելու հարցում։ Եվ քանի որ հարձակում գործողները կապ ունեն «Սասնա ծռերի» հետ` նրանց համակիրներից են, իսկ «ծռերն» արեւմտյան հովանավորչություն են վայելում, կարծում են, որ սրանով Արեւմուտքը Փաշինյանին նախազգուշացնում է՝ եթե չգործի, իրեն կփոխարինեն առավել ռադիկալ իշխանությամբ, որը կկատարի իրենց պահանջները։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանը պատրաստվում է սահմանազատում իրականացնել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Վրաստանի հետ: Դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացնում է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաեւ Վրաստանի հետ՝ նրանց որոշակի տարածքներ զիջելու պատրաստակամությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին, որը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու շրջանում: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրացրել է սահմանազատման հարցը:


«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր եւ անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաեւ քննարկել ենք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր նա:


«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է: «Վարչապետն իր հայտարարության մեջ ասել է՝ ինչ են քննարկել. Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագրի թեմայի շուրջ քննարկվել է սահամանզատման թեման: Ընդհանուր քննարկվել է, որ պետք է սահմանազատում լինի. վարչապետի հայտարարությունից բացի, դեռ այլ բան չկա»,-ասաց նա: Նշենք, որ Հայաստանն ու Վրաստանը պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հարցը քննարկում են 1992 թվականից, իսկ 1996-ից երկու երկրների միջեւ գործում են սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովներ, բայց խիստ պասիվ ռեժիմով են աշխատում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը այս օրերին Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ինտենսիվորեն հանդիպումներ է ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես մեզ փոխանցում են, արտերկրում տարվող այս բանակցությունների հիմնական թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձն է: Չնայած Ադրբեջանի բռնապետ Ալիեւը ամեն առիթով սպառնում է արցախցիներին ու ոչնչացնում է հայկական հետքն օկուպացված Արցախում, իսկ Հայաստանի իշխանություններն առհասարակ ամուր փակել են Արցախի թեման, Արցախի վտարանդի իշխանությունները կարծում են, որ միջազգային բարձր եւ հուսալի երաշխիքների ներքո հնարավոր է արցախցիների վերադարձը: Ահա այս օրակարգով Վարդան Օսկանյանը գործուղվել է արտերկիր:


Արցախի իշխանական եւ ընդդիմադիր շրջանակները, մի կողմից, համարում են, որ այս հանդիպումներով ու քննարկումներով չեն կարող «սարեր շուռ տալ», քանի որ միայն ՀՀ իշխանություններն են իրավասու պաշտոնապես բանակցել Արցախի հարցով, մյուս կողմից՝ համարում են, որ այսպիսով տաք են պահում Արցախի թեման ու ինչ-որ բան կարող են փոխել: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Վարդան Օսկանյանը վերադառնալու է եւ պատրաստվում է Արցախի կառավարության եւ պատգամավորների հետ հանդիպում ունենալ՝ ներկայացնելու իր վարած բանակցությունների արդյունքները: Թե ինչ կտան Օսկանյանի վարած բանակցությունները, պարզ չէ, բայց, ինչպես ասում են, «ջուրը կաթիլ-կաթիլ քար կծակի», իսկ ոչ պաշտոնական մակարդակով բանակցությունները, վստահաբար, ոչինչ չանելուց ավելի լավ է:


Նկատենք նաեւ, որ Արցախի հարցով այս բանակցությունները նաեւ Հայաստանի իշխանությունների դժգոհությունն են առաջացրել, ու դա արտահայտվեց Հայաստանի ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանի շուրթերով: Վերջինս ԱԺ-ում, անդրադառնալով Օսկանյանի գործունեությանը, այն որակել էր «փարիսեցիություն»։  «Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում. չսատարել այդ ջանքերին եւ այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ եւ զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով փարիսեցիության տպավորություն է թողնում»,- ասել էր Միրզոյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունն էլի գնաց-եկավ, կպավ պետական սիմվոլներին, այս անգամ՝ ՀՀ պետական դրոշին։ Մասնավորապես արտաքին գործերի նախարարությունը «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ է ցանկանում կատարել եւ սահմանել, որ բացօթյա տարածքներում դրոշի չափը պետք է լինի 2 մետրը 4-ի վրա, իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ավելի մեծ դրոշ բարձրացնել, ապա պետք է դիմեն ԱԳՆ եւ համապատասխանեցնեն պետական արարողակարգի ծառայության հետ։ Որպես հիմնավորում՝ ԱԳՆ-ն նշում է, որ այդպես կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը, բայց թե ինչու են հանկարծ որոշել համանման կիրառություն ապահովել, նախագծում չի նշվում, ուստի կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ում քնել-զարթնել են, որոշել են, որ ՀՀ-ում դրոշները միաչափ պիտի լինեն, բացօթյա տարածքներում՝ ավելի մեծ, փակ տարածքներում՝ 2 անգամ ավելի փոքր, ու, ըստ այդմ, օրենքում փոփոխություններ են նախատեսել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը՝ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարանը, կփակվի: Կոտայքի մարզում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողքը նոր բանտ է ստեղծվելու։ Այս նոր ստեղծվելիք բանտ կտեղափոխվի Նուբարաշեն, Վարդաշեն, Դատապարտյալների հիվանդանոց եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների ողջ անձնակազմը՝ դատապարտյալների եւ կալանավորների հետ միասին։ «Ժողովուրդ» օրաթերթը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ մեկուսարանը փակվելու է արդյոք, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնեց՝ նոր ՔԿՀ ստեղծելուց հետո, այո՛, կփակվի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ո՞ւր է կորել «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Իսկ ինչի՞ համար է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Այսպիսով, ՀՀ կառավարության՝ 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։ Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան եւ նպատակը, ըստ իրենց կայքի, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Եթե այդպես է, ապա ո՞ւր են կորել հիմնադրամի պատասխանատուները, երբ Հայաստանի գլխավոր մայրուղիները մարտ ամսի ձնաբքի պատճառով անանցանելի են։


Ինչեւէ, անցնենք այս հիմնադրամի փառահեղ գնումներին։ 2023 թվականի հունիսի 23-ին «Ճանապարհային դեպարտամենտ»-ը վերանորոգման աշխատանքներ կատարելու համար 55 մլն 507 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԱՋԱՓՆՅԱԿ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում է վերանորոգել Կառավարության 3-րդ տան առաջին եւ երկրորդ հարկերում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հատկացված տարածքները։ Վերանորոգման մեջ մտնում են նաեւ քանդման աշխատանքները, որի համար ծախսվել է 784 հազար դրամ։ Վերանորոգման մեջ մտնում են նաեւ հարդարման աշխատանքները, հատակների վերանորոգումը, արտաքին եւ ներքին վիտրաժներ, բեմահարթակի կառուցման աշխատանքները, ներքին սառը ջրի մատակարարման համակարգի եւ ներքին կոյուղու համակարգի վերանորոգումը, էլեկտրատեխնիկական մասի եւ օդափոխության համակարգի վերանորոգումը։ Վերանորոգման ընդհանուր ծախսերը կազմել են 54 մլն 541 հազար դրամ, սակայն առաջացած չնախատեսվող ծախսերը կազմել է 965 հազար դրամ, ինչի արդյունքում վերջնարդյունքը կազմել է 55 մլն 507 հազար դրամ։ Շենքի 2 հարկի համար ծախսվեց 55 մլն, սակայն միջքաղաքային եւ միջմարզային ճանապարհները վերանորոգելու եւ փոսալցնելու համար՝ 0 դրամ, եւ, սրան գումարած, անորակ ասֆալտ, որը մի կաթիլ ջրից քանդվում է»: