24.11.2024
Միրզոյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները
prev Նախորդ նորություն

Ներկայացվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային մատչելիության պետական աջակցության նախատեսվող ծրագրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։


«Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը լինելու է հիմնականում երեք ուղղություններով: Ըստ այդմ՝ տրամադրվելու է աջակցություն տուն կառուցելու համար, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու համար և այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել աջակցության վերոնշյալ երկու տեսակներից, նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում, այսինքն՝ կապահովվեն բնակարաններով: Կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական: Ծրագրին մասնակցության պարտադիր պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը:


Կապված սեփականության իրավունքի հետ, նախարարի տեղակալը նշել է, որ 10 տարի բնակվելուց հետո սեփականության իրավունքը կփոխանցվի նրանց: Այստեղ գործում է մի պայման, որ աշխատունակության տարիքի մեջ գտնվող անձինք որոշակի գումարի վերադարձ պետք է կատարեն պետությանը, որից հետո, եթե 10 տարվա ընթացքում այդ գումարն ամբողջությամբ վերադարձված լինի՝ ըստ ծրագրի պայմանի, ապա սեփականության իրավունքը ձեռք կբերվի: Բացառություն են կազմում անչափահաս երեխաները, ինչպես նաև կենսաթոշակառուներն ու սոցիալական խոցելի խմբերը:


Դավիթ Խաչատրյանի խոսքով, ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով և կարող է մինչև 5 տարի տևողություն ունենալ: Առաջին փուլով առաջնահերթություն կունենան ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի անչափահաս երեխաներ, երկրորդ և հաջորդող փուլերին՝ արդեն ըստ երեխաների թվի նվազման:


Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության այժմ գործող ծրագրին, որի շրջանակում պետությունը տրամադրում է 16 մլն դրամ և մարում է գումարի տոկոսները: Դավիթ Խաչատրյանն ընդգծել է, որ այս ծրագրից օգտվելու դեպքում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք չեն կարող օգտվել վերը նշված ծրագրից, որն այս պահին մշակման փուլում է:


Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության նիստում նախօրեին ընդունված որոշումներին: Ըստ այդմ, 100 000 դրամ միանվագ աջակցության շահառուների շրջանակն ընդլայնվել է, և այժմ այդ աջակցությունից կարող են օգտվել նաև Լաչինի միջանցքի շրջափակումից հետո, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բուժառուներին ուղեկցող այն անձինք, ովքեր իրենց դիմումները ներկայացրել են մինչև 2024 թվականի հունվարի 31-ը և ում վերաբերյալ տվյալները կան Առողջապահության նախարարության տրամադրած ցուցակներում: Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը երկարացվել է մինչև մարտի 20-ը:


Ինչ վերաբերում է կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար նախատեսված 40 000 + 10 000 դրամ աջակցության ծրագրին, ըստ որոշման, մինչ այս փոփոխությունը, այն անձինք, ովքեր ունեին անշարժ գույք Հայաստանում, ստանում էինք ծրագրի միայն 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը: Նոր փոփոխությամբ, այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասի համապատասխան մակերեսը փոքր է 20 քմ-ից, նրանք ևս կկարողանան օգտվել ծրագրի 40 000 դրամ բնակարանի վարձավճարի համար նախատեսված աջակցությունից: Զարուհի Մանուչարյանը նաև հիշեցրել է, որ այն անձինք, ովքեր հանգամանքների բերումով ուշ են դիմել, կկարողանան ստանալ նաև նախորդող ամիսների համար վճարները, եթե նախորդող ամիսներին բացակայել են Հայաստանի Հանրապետությունից 10 օրից քիչ ժամկետով: Դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մարտի 15-ից մինչև մարտի 31-ը:


Փոփոխություններ են կատարվել նաև 50 + 50 հազար սոցիալական աջակցության ծրագրում: Ըստ փոփոխությունների՝ ծրագրից կարող են օգտվել նաև այն անձինք, ովքեր նոյեմբեր ամսին բացակայել են Հայաստանից 30 օրից քիչ ժամկետով: Աջակցությունից կարող են օգտվել նաև այն երեխաները, ում ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար: Շահառու կլինեն նաև այն անձինք, ում դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառում ունենալու պատճառով: Նշված փոփոխությունները դիտարկվելու են նոյեմբեր ամսից»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում: