VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է․ Դեռ անցած տարեվերջին համառ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ական իշխանությունը որոշել է չսպասել հերթական ընտրություններին, այլ ուզում է նախ Սահմանադրություն փոխել, ապա արտահերթ ընտրություններ անել, քանի դեռ նոր ընդդիմություն չի ձեւավորվել։ Սակայն իշխանության կատարած հաշվարկների արդյունքում ՔՊ-ում, մեզ հասած տեղեկություններով, հետ են կանգնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու մտքից, որը նեղ շրջանակում քննարկում էին վերջին ամիսներին։ Իշխանական թիմում եկել են եզրակացության, որ հաղթելը բավականին բարդ է լինելու, եւ այս կասկածները նրանց սիրտը սողոսկել են Երեւանի ավագանու ընտրություններից հետո: ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրություններին գրեթե նույն ճակատագրին են արժանանալու, ուստի պետք է գնալ հերթական ընտրությունների եւ այս երկամյա ժամկետն օգտագործել վարկանիշ բարձրացնելու համար։ Իշխանական թիմի ներկայացուցչի կարծիքով, թերեւս նաեւ սրանով է պայմանավորված հակառուսական այս հիստերիան եւ դեպի Եվրոպա վիրտուալ «ուղեւորությունը»։ Արցախի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը հիասթափված է Ռուսաստանից, ուստի հակառուսական քաղաքականությունը կարող է վարկանիշ բարձրացնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները ԱՀ խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին: Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թեւի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները: Մեզ հետ զրույցում «Ազատ հայրեքնի – ՔԴՄ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ ինքը չի կանչվել ու թիմակիցների մասով էլ նման տեղեկություն չունի։ «Միգուցե կանչվել են, ես տեղյակ չեմ, բայց ինձ չեն կանչել հարցաքննության», – ասաց պատգամավորը: Հավելենք, որ քննիչները հիմնականում պատգամավորներից հետաքրքրվում են, թե ով է ճնշել Արայիկ Հարությունյանին, որ հրաժարական տա, ինչ է տեղի ունեցել կուլիսներում: Թերեւս կա քաղաքական հրահանգ Արցախի իշխանությունների վրա Հայաստանից գործադրված ճնշումների մասին ցուցմունքներ ստանալ Արցախի օրենսդիրներից, որպեսզի նախկին նախագահներին նոր մեղադրանքի առիթներ լինեն»:
«Հրապարակ» թերթը գրում է․ Գրել էինք, որ Արցախի կառավարությունը 1 ամիս առաջ փոփոխություն արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան հիմա վերցնել: Հիմա Արցախի կառավարությունը համապատասխան կարգ է մշակում՝ գործընթացը կազմակերպելու համար: Մեր տեղեկություններով, երեկ վերջապես վերականգնվել է Արցախի ԱԺ կայքը, որտեղ պաշտոնապես հրապարակվել է օրենքը` այն չէր գործում արցախցիների բռնի տեղահանումից հետո՝ ադրբեջանական հարձակումների պատճառով։ Իսկ փոփոխությունը հետեւյալն է․ «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ դրա արդյունքում ձեւավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով»։ Օրենքն ուժի մեջ է մտնում ԱՀ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվելուն «հաջորդող 10-րդ օրվանից»: Փոփոխված դրույթի կիրարկումն ապահովող կառավարության որոշում կընդունվի 1 ամսվա ընթացքում, 9 ամսվա ընթացքում էլ գումարները կվերադարձվեն: ՀՀ Կենտրոնական բանկը, որին դիմել էին արցախցիները, ձեռնպահ է մնացել այս գործընթացից, թեպետ կուտակային ֆոնդերի հետ ինքն է աշխատել: Մեր հարցմանը ԿԲ-ից պատասխանել են, որ հատկացումները կամ դրանց հետագա ճակատագրի հարցերը չեն մտնում ԿԲ իրավասությունների մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայ պատգամավորների մի խումբ կմեկնի Գերմանիա աշխատանքային այցով: Դատելով սակայն նրանց կազմից՝ այդ այցը կրելու է զուտ տուրիստական բնույթ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային այցով 2024 թվականի մարտի 9-14-ը Համբուրգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, անդամներ Հայկ Կոնջորյանը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ից՝ Թադեւոս Ավետիսյանը: Հասկանալի է, որ այցի բովանդակային ծանրությունն ընկնելու է Վ. Վարդանյանի և Թադևոս Ավետիսյանի վրա: Մյուսները ֆոն են ապահովելու, բայց նրանց բոլոր ճամփորդական ծախսերն արվում են ՀՀ պետբյուջեի հաշվին: Այսինքն՝ ՔՊ պատգամավորները հայ հարկատուների հաշվին աշխարհ են տեսնում, և նրանցից շատերը առաջին անգամ ինքնաթիռ են նստել պատգամավոր դառնալուց հետո»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում շինարարութան մեծ բումը նստում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024թ. հունվարին շինարարության ոլորտում աճի տեմպը որոշակիորեն նվազել է՝ նախորդ տարվա համեմատ: 2024թ. հունվարին շինարարության աճը կազմել է 9.5%՝ շուրջ 2.7 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից, եւ շուրջ 6 տոկոսային կետով՝ նախորդ տարվա միջին ամսական ցուցանիշից, այսինքն՝ հունվարին քիչ շինարարություն է արվել: Իհարկե, գուցե, պայմանավորված է եղել եղանակով, բայց, ամեն դեպքում, բոլոր վերլուծություններով մայրաքաղաքում սկսված մեծածավալ շինարարության տեմպերը թուլանում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը 2023թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատ, եղել է ցածր մակարդակում: Նկատենք, որ 2023 թվականին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 1.7 մլրդ ԱՄՆ դոլար, որն էականորեն ավելի ցածր է նախորդ տարվա 2.6 մլրդ ԱՄՆ դոլարից: Հատկանշական է, որ զուտ ներհոսքի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտահոսքի աճով, որի ծավալը 2023 թվականին կազմել է շուրջ 4.0 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022թ. 2.6 մլրդ դոլարի համեմատ աճելով շուրջ 55.0%-ով, մինչդեռ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 9.7%-ով՝ կազմելով 5.7 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 5.2-ի դիմաց»:
«Հրապարակ» թերթը գրում է․ Ժամանակին պադավատապետությունը քննադատող, մարդկանց հղփացածությունը մերժող եւ տարբեր արատներ ծաղրող Նիկոլ Փաշինյանը որոշել է բյուջեն լցնել՝ օգտվելով այդ արատներից ու հոռի բարքերից: Ավտոմեքենաների զրոներով պետհամարանիշների վաճառքի առաջին փուլն իրականացվել է՝ մասնակցել է 10 անձ, 48 համարանիշներից վաճառվել է 7-ը, գումարը կազմել է 156 միլիոն 200 հազար դրամ։ ՆԳՆ-ն հրաժարվում է ասել, թե կոնկրետ մեկ համարանիշն ինչքան գումարով է վաճառվել։ Մեզ հաջողվեց պարզել, որ «00օօ000» պետհամարանիշը վաճառվել է 30 միլիոն դրամով։ Հիրավի` խրախճանք ժանտախտի ժամանակ:
«Հրապարակ» թերթը գրում է․ Գրել էինք, որ կառավարությունն ամռան ամիսներին պատրաստվում է անցկացնել «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր, որի շրջանակներում մոտ 400 սփյուռքահայ պատանիներ պիտի այցելեն Հայաստան։ Այդ նպատակի համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել։ Պարզվում է, սակայն, որ Փաշինյանի մերձեցումը սփյուռքի հետ այդքանով չի սահմանափակվում, աշնանն էլ՝ սեպտեմբերի 22-ից, պատրաստվում են իրականացնել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակներում 22-35 տարեկան սփյուռքահայ 30 երիտասարդ պետք է այցելեն Հայաստան։ Թե ինչ թեմաներով են վերապատրաստելու, դեռեւս չեն հստակեցրել, բայց որոշել են պետբյուջեից 24 մլն դրամ հատկացնել։