24.11.2024
Նիկոլ Փաշինյանի օրակարգում չկա Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը. Թանդիլյան
prev Նախորդ նորություն

«Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն շիզոֆրենիայի է հասնում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից բիբլիական Արարատի մերժումը պետական քաղաքականություն է դարձել ու սիմվոլիզմի անհարկի դրսեւորումներ ունի։ Նա վերջին շրջանում իր հյուրերին ընդունում է մի սրահում, որի պատին Արագածի ահռելի նկարն է: Բայց պարզվում է, որ սրանով չեն բավարարվել Արարատ սարը «մերժողները»` հարկադիր «դավանափոխության» են ենթարկվում պետական մյուս մարմինները եւս։


Մասնավորապես, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ է ուրացել Արարատն ու ընդունել է նոր հավատքը՝ Արագածի պաշտամունքը. պետական բյուջեի միջոցներից արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 185 հազար դրամ է հատկացրել Արագածի նկարը ձեռք բերելու համար։ Չի բացառվում, որ հաջորդիվ, «արագածապաշտության» մոլուցքով տարված` Արարատ Միրզոյանին ստիպեն անունը փոխել կամ նրա փոխարեն ԱԳ նախարար նշանակեն, ասենք, Արագած Ախոյանին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական իշխող ուժն այսօր փակ հանդիպումներ կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ: 2 նախագահների պաշտոնավարման ժամկետը լրացել է, Նիկոլ Փաշինյանը երկուսին էլ երկրորդ շանսն է տվել՝ առաջադրելով նույն պաշտոնում: Ընտրությունը կկատարվի խորհրդարանում՝ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերին։ Պատգամավորները ֆորմալ հանդիպումներ կունենան թեկնածուների հետ, բայց նրանց ընտրությունը կարելի է կայացած համարել։ ՔՊ-ականները հիմա սրտատրոփ մի հանդիպման են սպասում` Փաշինյանի հետ փակ հանդիպմանը: Նա սովորաբար արտերկրյա այցերից հետո հանդիպում է թիմակիցների հետ, հուշում, թե ինչ կարծիքներ հայտնեն, ինչ բովանդակության հարցազրույցներ տան։ Խոսքը մյունխենյան եւ փարիզյան այցերի մասին է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին որպես վկա հարցաքննելու համար: Պարզեցինք, որ Ղուկասյանը գնացել է Հակակոռուպցիոն դատարան: Հիշեցնենք, որ թաղապետը դատարան գնացել է իր ենթակաների՝ պաշտոնեական դիրքի չարաշահման գործով: Իրավապահները կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին: Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին այն բանի համար, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման պատժելի քայլի գնացին»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մտադիր է վարույթ հարուցել ավագանու 5 անդամների նկատմամբ, որոնք անհամատեղելիության կարգով նաեւ հանրային ծառայողի պաշտոն են զբաղեցնում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես, ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, իսկ Լեւոն Լեւոնյանը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:


Օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը եւս անհամատեղելիության կարգով այլ պաշտոն զբաղեցնող ավագանիների ցուցակում է. նա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է: Այսպիսով, չնայած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում որոշվել էր համաներել ավագանու այս անդամներին, բայց ԿԿՀ-ն, ամեն դեպքում, վարույթ է հարուցելու ավագանու այս 5 անդամների նկատմամբ: ԿԿՀ նիստը տեղի կունենա ուրբաթ օրը, իսկ վարույթները ավագանու անդամներին կուղարկվեն 3-օրյա ժամկետում։ «Օրենքով սահմանված դեպքերում մենք պարտավոր ենք վարույթ հարուցել, քանի դեռ այլ օրենսդրական կարգավորում առկա չէ», – ասացին մեզ ԿԿՀ-ից: Այսպիսով, գնդակը, կարելի է ասել, ԱԺ-ի դաշտում է, քանի որ ավագանու անդամների նկատմամբ վարույթ հարուցվելու է որպես հանրային ծառայողի, իսկ տվյալ դեպքում ավագանու 5 անդամներն էլ պաշտոն զբաղեցնում են ԱԺ-ում, ուստի պետք է որոշվի՝ ազատում են նրանց, թե ոչ: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ ավագանու անդամներին համաներելու որոշումը՝ արդեն նաեւ հստակ է, որ ավագանու 5 անդամների նկատմամբ որեւէ միջոց չի կիրառվելու: Վարույթը կկրի ձեւական բնույթ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարությունը, որ մի քանի տարվա մեջ այդպես էլ չի իրականացրել 60-70 տնից բաղկացած գյուղ կառուցելու իր ծրագիրը, որոշել է, որ «Ակադեմիական քաղաք» է կառուցելու: Ու ոչ թե Երևանից դուրս, այլ մայրաքաղաքի «ննջարանային» արվարձաններից մեկում: Հաշվի առնելով, թե հատկապես ո՛ր կառավարությունն է նման «ծրագիր» մշակել, կարելի է չկասկածել, թե ինչ ճակատագիր է ունենալու «Ակադեմիական քաղաք» ասվածը, առավել ևս, որ գուցե չհասցնեն էլ հիմքերը գցել: Բայց դա էլ մի կողմ: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ ա) կարևոր է «Ակադեմիական քաղաքում» տեղակայվող բուհերի «նախկին շենքերի» (ինչո՞ւ նախկին՝ շենքն էլ հո իր տեղո՞ւմ է մնում) արդյունավետ կառավարումը, օրինակ՝ վարձակալության տալը, բ) կառավարումն այնպիսին պիտի լինի, որ դրանից ստացած «ամբողջ եկամուտն ուղղի «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը»:


Սա մի առանձնահատուկ «նյուվասյուկիություն» է: Այսինքն, Փաշինյանն ուզում է բոլոր բուհերից խլել շենքերը, որոնք նրանք հիմա տնօրինում են, շենքերն ու տարածքները տալ վարձակալության, վարձակալությունից ստացած փողերն էլ ուղղել... բուհերի համար «Ակադեմիական քաղաք» կառուցելուն կամ դրա ֆինանսավորմանը: Հիշեցնենք. երբ Փաշինյանն ու իր կառավարությունը սկսել էին խոսել «Ակադեմիական քաղաքի» մասին, ակնարկում էին ինչ-որ հեռանկարներ: Իբր, իրենք ծրագիր ունեն, և այդ ծրագրում ամեն ինչ հաշվարկված է: Տրամաբանություն ունեցողները նշում էին «բիզնես հեռանկարների» կամ, ավելի ճիշտ, «բիզնես հետաքրքրությունների» մասին: Եվ ահա, Փաշինյանը չդիմացավ ու բացեց խաղաքարտերը: Դեռ հարցի մի կողմն է, որ փաստացի նույնիսկ չգիտեն՝ «Ակադեմիական քաղաքի» համար փողերը որտեղից են ճարելու, որ այդ ծրագիրը շատ ավելի հում է, քան նույն Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը»: Մյուս կողմից՝ տեսնես ո՞վ է դեռ շենքը չօգտագործած՝ «էն գլխից» փող տալու, մինչև «Ակադեմիական քաղաքը» սարքեն, հետո դատարկեն այդ շենքերը: Առավել ևս, որ չի կարող լինել վստահություն, որ վաղը-մյուս օրը այս իշխանությունները չեն հեռացվի, ու նոր իշխանությունները տրամաբանորեն չեն զրոյացնի այդ հում, անիմաստ ու ծախսատար ծրագիրը: Հա, իսկ եթե հրաշքով բանը դրան հասնի, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի կարող են վերածվել բուհերի շենքերը...


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրվա իշխանությունը պարբերաբար փորձում է ցույց տալ, որ զբաղված է կոռուպցիայի բացահայտմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Ոմանք սա շոու են համարում, իսկ իշխանությունը պնդում է՝ երկրում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան: Ի վերջո, կոռուպցիան այս տարիներին արմատախիլ արվե՞ց, կամ գոնե նվազեցի՞ն դրա ծավալները, թե՞ ոչ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ: «Համակարգային կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում չի նվազել, հակառակը՝ ավելացել է: Դրա մասին է վկայում Հաշվեքննիչ պալատի վերջին եզրակացությունը, նորը դեռևս չի հրապարակվել, երբ Հայաստանի պետական գնումների կեսը կատարվել է մեկ անձից, ինչը խստիվ արգելվում է օրենքով, և դա ինքնին կոռուպցիայի դրսևորում է: Կոռուպցիայի դրսևորում են դպրոցաշինության շատ ծրագրեր: Իմ ծննդավայր գյուղում երկու տարի առաջ շինարարությունը սկսել են, հետո շինարարին ասել են, որ այլևս չես կարող շարունակել, նոր մրցույթ պետք է հայտարարենք: Այսինքն, որտեղ սկսում են, կիսատ են թողնում: Ճանապարհաշինությունը նույնպես կիսատ են թողնում, և այդպես շարունակ: Կոռուպցիոն դրսևորում է մասնագիտական ցածր մակարդակով, պրոֆեսիոնալիզմի ընդհանրապես բացակայությամբ ծանոթներին պաշտոնների նշանակելը, դրանք բոլորը կոռուպցիայի ապացույցներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:


Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պատմությանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու քրեական վարույթ նախաձեռնելուն, ապա, ըստ մեր զրուցակցի, գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: «Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահը: «Եթե նպատակ կար կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա նույն էկոնոմիկայի նախարարը անցած տարի խոսում էր Փոթիի նավահանգստում լաստանավերի ձեռքբերման մասին: Ի սկզբանե տրանսպորտային ոլորտի մասնագետները, տնտեսագետները ահազանգում էին՝ դա տնտեսապես ոչ ձեռնտու ծրագիր է, վատնումները, որ իրականացնում են բյուջեից, վաղը չեք կարողանալու փոխհատուցել: Հետո էկոնոմիկայի արդեն նախկին նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ բիզնեսն ուղղակի չկարողացավ օգտագործել այդ լաստանավերը: Բայց բիզնեսը հայտարարել էր, որ իրեն ցամաքային ճանապարհով ավելի ձեռնտու տարբերակներ են առաջարկում, ձեր լաստանավերը չենք օգտագործելու: Սա կոռուպցիա է, որի համար արժեր, որ մարդիկ դատվեն, այնինչ հիմա դատվում են այլ բանի համար»,-ամփոփում է Նաիրի Սարգսյանը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների գնումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ, բացի խոշոր դրամաշնորհներից, ինչպիսին են «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրած 175 մլն 211 հազար դրամ դրամաշնորհը, «Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին տված 445 մլն 400 հազար դրամ դրամաշնորհը, նաեւ նախարարությունն այլ հետաքրքիր գնումների պայմանագրեր է կնքել։ Օրինակ՝ նախարարությունը 30 հազար թելով թղթապանակ է գնել` 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ։ Թղթապանակի բնութագիրը, ըստ պայմանագրի, հետեւյալն է՝ թղթապանակ՝ թելով կապվող, թղթյա, նախատեսված A4 չափի թղթերի համար, ստվարաթղթի խտությունը՝ 400գ/քմ, ստվարաթղթի դիմերեսի սպիտակությունը` 120 (CIE համակարգով), չափսերը՝ 220x315x15մմ, դիմերեսին գրված՝ «ԹՂԹԱՊԱՆԱԿ»: Ապրանքների մատակարարումը, բեռնաթափումը պահեստ իրականացնում է վաճառողը: Հաջորդ հետաքրքիր գնումը 240 հազար դրամ արժողությամբ պայմանագրի միջոցով ձեռք բերված 2 դրոշներն են, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 120 հազար դրամ»։