Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ մտահոգություն է առաջացել, որ տուգանքների չափերի նվազումը կարող է հանգեցնել իրավախախտումների քանակի աճի: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթում ներառված փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցմանը, վարչարարության պարզեցմանը:
Հարցի վերաբերյալ փետրվարի 16-ին խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, ինչպես նաեւ շահագրգիռ մի խումբ կազմակերպությունների ներկայացուցիչներ, տաքսի ծառայություն մատուցող վարորդներ:
Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել որոշ իրավախախտումների դեպքում ավելացնել բալերի շեմը: «Բոլորին հայտնի է, որ կանգառ-կայանման համար նախատեսված է տուգանք եւ վարորդական իրավունքի բալերից 0,5 բալի նվազեցում: Գործադիրն առաջարկում է 0,5 բալը դարձնել մեկ»,- մանրամասնել է Արմեն Խաչատրյանը` հավելելով, որ օրենսդիրը վերապահումով է մոտենում նշված առաջարկությանը` նկատի ունենալով տաքսի ծառայությունների վարորդների գործունեության բնույթը:
Լսելով նաեւ վարորդների մտահոգությունները` Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով բալային համակարգի ներդրումը, այնուամենայնիվ խնդրո առարկա հարցի վերաբերյալ նշել է, որ 0,5-ը 1 միավոր դարձնելն ընդունելի չէ. նա որպես լուծում առաջարկել է 0,25 հավասարակշռված միավորի կիրառումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ առաջարկը կներկայացնի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում:
Մասնակիցներն անդրադարձել են նաեւ ձմռանն ամառային անվադողերով երթեւեկելուն, տեսահսկման համակարգի վարչարարությանը, տեսահսկման օպերատորների գործունեությանը վերաբերող հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ընդլայնված քննարկում ոլորտում առկա հարցերի եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: