Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանքը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ դատարանն ընտրեց տնային կալանքը՝ երկու ամսով:
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության շուրջ սկանդալային կոռուպցիոն բացահայտումների գործով:
Ըստ փաստաբանի՝ Քերոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
VERELQ-ը հիշեցնում է, որ ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուրջ սկանդալի մանրամասները, ՔԿ-ն, մասնավորապես, հայտնել էր.
«Հիմնադրամի հայցի քննության ընթացքում, ինչպես նաև Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը:
Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ: