«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում» կգործարկվի արևային ՖՎ կայան
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանի առթիվ տեղի կունենա միջոցառում, որով կազդարարվի կոմպոզիտորի տուն-թանգարանի արևային ՖՎ կայանի գործարկման և լուսավորության համակարգի արդիականացման մեկնարկը։
«Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի շրջանակում իրենց ուժերն են միավորել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ները: Նախաձեռնությունն ուղղված է աջակցելու հայկական մշակութային ժառանգության օբյեկտին՝ գործելու ավելի կայուն և էներգաարդյունավետ, ապահովելու ֆինանսական կայունություն և դառնալու ավելի գրավիչ այցելուների համար:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքին տեղադրվել է 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Այն տարեկան կարտադրի շուրջ 29000 կՎտժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով մոտ 1,550,000 ՀՀ դրամ խնայողություն։
Ծրագրի շրջանակում արդիականացվել է նաև թանգարանի լուսավորության համակարգը․ տեղադրվել են թվով 75 լեդ լուսատուներ, ինչը թույլ կտա ապահովել տուն-թանգարանին որակյալ, էներգախնայող և երկարաժամկետ լուսավորությամբ՝ նվազեցնելով լամպերի փոխարինման ծախսերը։
Ծրագրի իրականացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն մեկ այլ երկարաժամկետ ծրագրի իրականացմանը, մասնավորապես՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործությունների նոտաների հրատարակմանը։ Յուրաքանչյուր տարի կհրատարակվի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մեկական ժողովածու՝ 300 օրինակ տպաքանակով։