ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ պետություններում գիտական աստիճանները փոխադարձ ճանաչելու համաձայնագիրը
Համաձայնագիրը մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ստրատեգիական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից է: Նպատակը գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները եւ սահմանափակումները վերացնելն է. ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ քննարկմանը ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրի վավերացումը կկարգավորի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ ԵԱՏՄ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն ապահովվելու նպատակով այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար:
«Կա բացառություն. երբ տվյալ պետությունում մինչեւ համաձայնագրի վավերացումը գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթը փորձաքննության է ներկայացվել եւ մերժվել է, ապա մերժումը շարունակում է պահպանվել»,- հավելել է զեկուցողը:
Արթուր Մարտիրոսյանը պարզաբանել է համաձայնագրի վավերացումից հետո իրականացվող գործընթացը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը նշել է, որ համաձայնագրի վավերացումը դրական ազդեցություն կունենա, մասնավորապես, ազգությամբ հայ գիտնականների համար, որոնք ԵԱՏՄ երկրներում ստացել են իրենց գիտական աստիճանը: