24.11.2024
Երկրում առկա անվտանգային ճգնաժամն ամբողջապես արտահայտված է Գեղարքունիքում. Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Արևմուտքը չի գնահատում, որոշել են ՌԴ-ի հետ փափուկ քաղաքականության անցնել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստին։ Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է՝ պաշտոնական Երեւանը ցուցադրաբար բոյկոտում է ռուսական հարթակները` ո՛չ ՀՀ արտգործնախարարը, ո՛չ ԱԽ քարտուղարը, ո՛չ ԱԺ նախագահը, առավել եւս՝ վարչապետը, չեն մասնակցում Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունեցող քաղաքական հավաքներին։ Որոշել են պահպանել միայն տնտեսական մասնակցությունը եւ կապերը: Գյումրիում շաբաթ օրը կայացած կուսակցության քաղաքական ժողովում, սակայն, Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը դժգոհել են, որ Արեւմուտքը հավուր պատշաճի չի գնահատում իրենց քայլերը, ուստի ժամանակն է ՌԴ-ի հետ փափուկ քաղաքականության անցնել: Դրանով հասկացրել է առաջիկա միջոցառումներին իր մասնակցության մասին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանից ազդակ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական հանդիպմանը:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին Գյումրիից Երեւան գալուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ ընդունել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին եւ մի քանի ժամանոց զրույց է ունեցել, որի բովանդակության մասին առայժմ ինֆորմացիա չունենք։ ՔՊ-ականների համոզմամբ, Փաշինյանը Մկրտչյանի հետ քննարկել է Գյումրու հետ կապված իրենց պլանները։ Բնական է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիայի խզումից հետո ՔՊ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկելու եւ փորձելու է մարզում իշխանությունների կշիռը հնարավորինս մեծացնել։ Նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է, իսկ վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ նրան դիտարկում են Շիրակի մարզպետի պաշտոնում, եւ այս քայլը նույնպես տեղավորվում է առաջիկա ընտրությունների ու Շիրակի մարզում ՔՊ-ի էլեկտորատն ընդլայնելու մտադրությունների շրջանակում, մանավանդ` Երեւանի ընտրություններում պարտությունից հետո իշխանությունը որոշել է շեշտը դնել Շիրակի մարզի եւ առհասարակ` մարզերի վրա, որ ընդդիմադիր Երեւանին հակակշռի նիկոլական մարզերով։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պարզվում է ՝ իշխանության սորոսական փայատերերի թիրախում միայն ՆԳ նախարար Վահե Ղազարյանը չէ, եթե նրա դեմ արշավանքները հրապարակային դրսեւորումներ ունեն, ապա Վահան Քերոբյանի դեմ էլ ստվերային են պայքարում՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ անի էկոնոմիկայի նախարարին։ Սորոսականները Քերոբյանին համարում են ռուսական շպիոն եւ կարծում են, որ դրա պատճառով է, որ Քերոբյանը շրջանցում է արեւմտյան պատժամիջոցների սպառնալիքը եւ թույլատրում, որ Ռուսաստան արտահանել չթույլատրվող ապրանքներ արտահանվեն Հայաստանից կամ Հայաստանի միջոցով։ Իշխանական աղբյուրներն ասում են, որ տեւական ժամանակ է՝ սորոսականները Փաշինյանից ուղիղ տեքստով պահանջում են ազատվել Քերոբյանից, սակայն նախարարն առայժմ գտնվում է Փաշինյանի հովանավորության ներքո, եւ նրա անունը չկար նաեւ արցախյան դեպքերից առաջ տարածված ցանկում` հեռացման ենթակա նախարարների։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում ահագնացել են խոսակցություններն առ այն, որ դեկտեմբերի 22-ին Վերաքննիչ դատարանն ազատ է արձակելու շուրջ երեք ամիս կալանքի տակ պահվող Նարեկ Մալյանին: Իշխանությունները ցանկանում են 2024-ը դիմավորել հնարավորինս քիչ թվով քաղբանտարկյալների առկայությամբ, քանզի արեւտմյան կառույցները գնալով դժգոհում են, որ չեն կարող երկար «աչք փակել» Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստի վրա: Մեզ մնում է հետեւել իրադարձություններին՝ արձանագրելու, թե կուլիսային խոսակցությունները ինչ դրսեւորումներ կունենան իրականության մեջ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամին տրվող նվիրատվությունները խիստ կրճատվել են․ այն 6 ամիս է՝ նվիրատվության երես կա՛մ չի տեսել, կա՛մ նվիրատվությունների մասին տեղեկատվությունն այլեւս չի տեղադրվում կայքում: Հիշեցնենք, որ հիմնադրամը ներկայում ղեկավարում է իմքայլական նախկին պատգամավոր, սփյուռքի վերջին նախարար Մխիթար Հայրապետյանը։ Վերջին նվիրատվությունը, ըստ կայքի, սփյուռքից է եղել` հուլիս ամսին, իսկ նվիրատուն ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչությունն է, որը նվիրաբերել է 1 մլն 920 հազար դրամ։ Նվիրատուների մասին տվյալները ժամանակին կայքում պարբերաբար թարմացվում էին, իսկ եթե նվիրատուները ցանկանում էին անանուն մնալ, ապա գումարը հրապարակվում էր, դիմացը գրվում էր՝ անանուն: Քանի որ Աննա Հակոբյանի օգնականների, հիմնադրամի աշխատակազմի հետ կապվել չի հաջողվում, մենք հրապարակավ հարց կուղղենք` վերջին 6 ամսում ինչ գումարներ են փոխանցվել, ովքեր են փոխանցողները, տեղեկատվությունը որոշել են չհրապարակե՞լ, թե՞ «մուծվողներն» են պակասել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 27-ին։ Ղուլարյանը մինչ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ դառնալը հարուստ եւ յուղալի պաշտոններով է անցել։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականից՝ որպես Իջեւանի շրջանային խորհրդի գործկոմ։ Ծնունդով Իջեւան քաղաքից, մասնագիտությամբ ճարտարապետ Ղուլարյանը եղել է նաեւ Իջեւանի գլխավոր ճարտարապետը, ապա՝ նույն քաղաքի քաղաքապետը, հետո՝ Տավուշի մարզպետը։ 2014 թվականից եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ 2018 թվականից եղել է նախարարի առաջին տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահ։ Նման հարուստ կարիերա ունեցող Ղուլամյանը 2022 թվականի եկամուտների, գույքերի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ անհատական բնակելի տուն, որը 2013 թվականին ժառանգություն է ստացել։ Մեկ բնակարան բազմաբնակարան շենքում էլ, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, հայտարարագրել է՝ որպես այլ անձի սեփականության իրավունքով պատկանող, սակայն իր կողմից շահագործվող գույք։ Կոմիտեի նախագահը 2019-ին Երեւանի կենտրոնում 21 մլն 475 հազար դրամով գնել է մեկ կիսակառույց: Ղուլարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, ինչը զարմանալի է։


Ղուլարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 492 հազար դրամ եւ 19 հազար 930 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ եւ 21 հազար ԱՄՆ դոլար։ Ղուլարյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կուտակվում են միայն աշխատանքի վարձատրությամբ, որն էլ կազմում է 13 մլն 229 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ եկամուտների կեսից ավելին՝ գրեթե 8 մլն դրամը, Ղուլարյանը խնայում է եւ հայտարարագրում կանխիկ դրամ՝ 21 հազար դոլար, հակառակ դեպքում սա կոռուպցիոն ռիսկ է, քանի որ կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չկա, իսկ եկամուտը միայն աշխատանքի վարձատրությունն է։ Ղուլարյանն իր նախկին հայտարարագրերում որպես եկամտի աղբյուր նշում էր կենսաթոշակը՝ 52 հազար դրամ, իսկ վերջին հայտարարագրում կենսաթոշակի մասին ոչինչ չկա։


Ղուլարյանը ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է, բայց բանակում չի ծառայել, համենայնդեպս, իր կենսագրության մեջ նշված չէ այդ մասին: Ղուլարյանը ՀՀ ամենաերկարակյաց մարզպետն է. ղեկավարել է Տավուշի մարզը 1999 թվականից մինչեւ 2014 թվականը՝ ամբողջ 15 տարի: Այս ժամանակահատվածում տավուշցիները դժգոհ են եղել նրա աշխատանքից: Նրանից հատկապես դժգոհել են սահմանամերձ, մշտապես թշնամու կրակահերթերի տակ գտնվող գյուղերի բնակիչները, որովհետեւ մարզպետի «վեջին էլ չի եղել», թե ինչ է կատարվել իր մարզում: Ավելին՝ տեղացիների պատմելով՝ նա շատ գյուղերի ճանապարհն էլ չի իմացել: Հավելենք նաեւ, որ Ղուլարյանի ղեկավարած Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարում եւ համակարգում է ՀՀ-ում շինարարության ոլորտը, որի փուչիկը, ասել է թե, փչված է, եւ պայթելուն քիչ է մնացել։ Բանն այն է, որ բնակարանաշինության մակարդակը Հայաստանում վերջին հինգ տարիներին զգալիորեն բարձրացել է, ինչն էլ, ըստ տվյալների վերլուծաբանների, հանգեցնելու է բնակարանաշինության ոլորտում լճացման»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը: Նախկին լրագրող Մելիքբեկյանն անցած շաբաթ վերջապես «աչքի ընկավ» հրապարակային խոսքով ու հարցազրույց-հաշվետվություն տվեց իր լրատվական ծառայությանը: Մելիքբեկյանը ջանք չէր խնայում «գոյություն» չունեցած արդյունքներ նկարագրել, օրինակ՝ թե ինչպես են ծրագիր իրականացրել «Կույր ֆուտբոլի» ոլորտում, կանանց թիմեր են ստեղծվել, ազգային հավաքականը վերջապես մեկ հաղթանակ է տարել եւ այլն: Իհարկե, լրագրողներից խուսափող, հարցումներին ու հեռախոսազանգերին չպատասխանող Մելիքբեկյանը թերեւս հասկանում է, որ միլիոնավոր դոլարների մուտքեր ունեցող ընկերության ղեկավարին շատ հարցեր կան տալու, ու գնալով խնդիրները մեծանում են: Օրինակ՝ այդպես էլ մեկնաբանություններ չեղան, թե ինչու Աբովյանի մարզադաշտի վերականգնման մրցույթը շահեց Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված ընկերությունը, որը նման աշխատանքների փորձ չուներ եւ ավելի բարձր գնով է կատարել դա, քան այլ ընկերություն կաներ: Չպատասխանեց նաեւ, թե ինչու են հիմնական ներդրող ակումբները դուրս եկել իր դեմ՝ ի դեմս «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակումբների, ինչու է ազգային հավաքականը խայտառակ պարտություններ կրում, ինչու մարզերում կառուցված փոքր դաշտերը շարքից դուրս են գալիս եւ այլն:


Թերեւս Մելիքբեկյանի ինքնագովազդ ուղերձում հատկանշական էր բանակի թիմին՝ ԲԿՄԱ-ին վերաբերող մասը. համարել էր ԲԿՄԱ-ն հաջողված ծրագրերից, իսկ, որպես հաջողություն, նշում է, որ այս թիմից ազգային հավաքական են գնացել ֆուտբոլիստներ: Իհարկե, բանակում չծառայած Արմեն Մելիքբեկյանը չի նշի, թե ԲԿՄԱ-ում գրանցված քանի ֆուտբոլիստ է, ըստ էութան, ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Նշենք, որ 2019թ.-ին հիմնադրված ակումբը, ըստ էության, բանակից ազատում է երիտասարդների, որոնք հետագայում կա՛մ լքում են ֆուտբոլը, կա՛մ հանդես են գալիս համեմատաբար թույլ թիմերում ու այդպես էլ չեն կատարում իրենց առաջ դրված խնդիրը, բայցեւ չեն զորակոչվում ազգային բանակ: Մամուլը բազմիցս գրել է, որ բարձրագույն խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ում եւ առաջին լիգայում խաղացող ԲԿՄԱ 1-ում հայտնվում են խաղացողներ, որոնցից մեկի ծնողը, օրինակ, գործկոմի անդամ է կամ այլ կապերով կապված է ՀՖՖ ղեկավարների հետ: Այդ երիտասարդները, որ չեն զորակոչվում, այդպես էլ հայկական ֆուտբոլի վաղվա օրը չեն դառնում ու, ըստ էության, այդպիսով լուծում են զուտ չզորակոչվելու խնդիրը: Հ.Գ. Քանի որ ՀՖՖ-ն չի պատասխանում մեր հարցումներին ու զանգերին, հաջորդիվ կանդրադառնանք Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի կառուցման ծախսերին ու հավաքված տվյալներ կներկայացնենք շինարարական ոլորտի ներկայացուցիչների փորձագիտական եզրահանգումից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ ահազանգ է ստացվում, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Ներկայացված լուսանկարներում երեւում է երկու տեսակի տուփ, որոնց վրա չկա մակնշում։ Մեզ փոխանցում են, որ մեկ տուփը գնում են 250 դրամով, ինչը սոցիալական ոչ բարվոք պայմաններում ապրող մարդու դեպքում շատ հարմար գին է, իսկ, ահա, պետությունն այս ամենից հսկայական վնասներ է կրում՝ չվճարված հարկերի ու անհայտ ծագման արտադրանքի հանրային վտանգավորության տեսանկյունից։ Հարկային մասով մեզ փոխանցում են, որ մեկ տուփ ծխախոտի արտադրության մեջ 350-400 դրամը կազմում են հարկերը։ Պատկան մարմինների կողմից անօրինական այս բիզնեսի շղթաները բացահայտելու վերաբերյալ հրապարակային հայտարարություն չկա, պարզ չէ նաեւ՝ արտադրվում են այստեղ, թե, օրինակ, անօրինական ճանապարհով են ներկրվում անանուն ծխախոտները։


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Երևանի թիվ 94 մանկապատեզում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատվել են տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում արված բացահայտումներից, ինչպես նաև թիվ 94 մանկապարտեզի աղմկահարույց դեպքից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկել և կարճ ժամկետում լուծումներ գտնել նշված խնդիրներին։ Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում համայնքային ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզներում տեղադրվելու են տեսախցիկներ՝ թե՛ պատկերային, թե՛ ձայնային և տեսահսկմամբ։ Այսինքն, այդպիսով մանկապարտեզների առօրյան և երեխաների պաշտպանությունը «ուղիղ եթերում» հասանելի է լինելու քաղաքապետարանին, մյուս կողմից՝ հնարավոր է լինելու պաշտպանել մանկապարտեզների բարեխիղճ աշխատակիցներին՝ զերծ պահելով հնարավոր զրպարտությունից։ Ի դեպ, հավելենք նաև, որ մեր ունեցած տեղեկությամբ, քննարկվում է նաև մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը առաջիկայում բարձրացնելու հարցը։