Երկրում առկա անվտանգային ճգնաժամն ամբողջապես արտահայտված է Գեղարքունիքում. Սաղաթելյան
Մեր երկրում առկա անվտանգային ճգնաժամն ամբողջապես արտահայտված է Գեղարքունիքի մարզում: Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս նախօրեին «Հայաստան» խմբակցության գործընկերներ Լևոն Քոչարյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արման Ղազարյանի հետ այցելել էին Գեղարքունիքի մարզ` Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներում, որտեղ հանդիպել են հայրենակիցներին, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հարցերին:
«Բազմաթիվ սոցիալական և տնտեսական հարցերի շարքում մեր հայրենակիցներին ամենից շատ մտահոգող հարցն առկա անվտանգային ճգնաժամն էր, որին Գեղարքունիքի բնակիչներն բախվել են պարտությունից, «ձյունոտ սարերի համար չպայքարելու» իշխանության կործանարար քաղաքականության, հետևանքով:
Քաղաքացիների հետ զրույցում ներկայացրեցինք իրական խաղաղության համար անհրաժեշտ նախապայմանները, երկրի անվտանգության ապահովման, բանակի հզորացման հարցերում մեր այլընտրանքային մոտեցումները, արձանագրեցինք բարձրաձայնված խնդիրները` դրանց լուծումներ տալու նպատակով»,- գրել է Սաղաթելյանը: