24.11.2024
Անգամ ԱՄՆ դրոշները չօգնեցին. Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը կտեղափոխվի
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել թիմը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը հրահանգել է հնարավորինս սեղմ ժամկետում ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, անգամ՝ ոչ բարձրաստիճան, որոնք ՔՊ անդամ չեն, կուսակցության գաղափարները չեն կիսում եւ համարձակվում են չեզոքություն պահպանել: Ընդ որում՝ Փաշինյանը հրահանգել է ազատվել բոլոր ոլորտներում՝ կլինի դա կրթություն, առողջապահություն, սպորտ, թե անգամ մանկապարտեզի կամ դպրոցի տնօրեն. նրանք ովքեր ՔՊ անդամ չեն, հլու-հնազանդ համակիրը չեն, ուրեմն կառավարման ոլորտում տեղ չունեն: Օրերս Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, սրա հիմնական պատճառն էլ եղել է այն, որ տնօրենները ՔՊ -ական չեն եղել: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած թավշյահեղափոխականները ոչ մի քննադատություն կամ ընդդիմադիր խոսք, այլակարծություն չեն հանդուրժում»:


«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը շան լափ է թափել  պատգամավորների վրա եւ տեղ է հասցրել միջնորդավորված՝ իր «տասովշչիկների», ՔՊ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանի եւ Գեւորգ Պապոյանի միջոցով։ Նրան վրդովվեցրել է այն փաստը, որ գերիների հարազատները Մուրացանի հոսպիտալի դիմաց ժամեր շարունակ լարված վիճակում սպասել են իրենց որդիներին, իսկ ՔՊ-ական պատգամավորներից ոչ մեկը ծանր տեղը չի թեթեւացրել, որ գնա հարազատների մոտ, հանգստացնի, զրուցի եւ իշխանության փիառն անի։ Ի վերջո, ուշացումով դեպքի վայր են հասել գյումրեցի պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը եւ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի դե ֆակտո նախագահ Ռուստամ Բաքոյանը, որոնց ներկայությամբ իրավապահները քաշքշել են գերիների հարազատներին։


«Հրապարակ» թերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից «դեսանտ» են իջեցվել Գյումրի քաղաքում, որտեղ այսօր կկայանա իշխող ուժի քաղաքական ժողովը, որին ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի այցից առաջ անվտանգության միջոցառումներ են իրականացվում։ Ժողովը կկայանա հայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում՝ Grand hotel Gyumri by apricot-ում, որը երկու օրով ՔՊ-ականները բրոնյա են արել։ Արդեն տեղեկություններ կան, որ, Փաշինյանի որոշմամբ, ժողովը բավականին նեղ կազմով է լինելու` մասնակցելու են վարչության, կառավարության անդամները, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների եւ համայնքների ղեկավարներ: Այսինքն՝ հրավիրյալներ չկան, ինչպես նախորդ դեպքերում։ Թե ինչու` կուսակցության աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հնարավորինս նեղ կազմ է նախընտրում, որ ինֆորմացիոն արտահոսքերը բացառվեն։


«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ նրա հարազատները հրավիրվել են դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն, իրենց ընտանիքին պատկանող գույքի վերաբերյալ բացատրություններ տալու համար։ Մեսրոպ Մանուկյանը Մանվել Գրիգորյանի օգնականն է եղել, նրա հայրը՝ Գեւորգ Մանուկյանը, «Անի» ԲԲԸ սեփականատերն է, եւ չի բացառվում, որ ուսումնասիրությունը հենց այս ընկերությանն է վերաբերում, որը 2017-ին գնել էր Ջրաձոր ջրանցքը, դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաեւ ջրանցքը սպասարկող կառուցվածքները։ Ընկերության կողմից ջրանցքի ձեռքբերման հետ կապված քրեական գործ էր հարուցվել 2018-ին, անգամ կալանավորվածներ կային։ Մեսրոպ Մանուկյանը վերջերս քաղաքապետարանում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի միջադեպի ժամանակ բախվել էր թաղապետերի հետ, որի ընթացքում կոտրվել էր նրա հեռախոսը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, Գյումրի քաղաքը սպասարկող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների լվացման կետ է բացել։ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ քաղաքապետարանին, բուժհաստատություններին պատկանող ավտոմեքենաները, հրահանգված է, ՔՊ պատգամավորի ամուսնու լվացման կայանում լվանալ: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով կապվեց պատգամավոր Էմմա Պալյանի հետ՝ պարզելու՝ արդյոք այս տեղեկությունները ճիշտ են, թե ոչ, եւ ինչու է նրա ամուսինը միշտ արտոնյալ: «Հիմա ամուսինս աշխատում է «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում։ Ես ապշում եմ նման վառ երեւակայության վրա։ Որեւէ նման ինֆորմացիա չկա, որ պարտադրանք լինի, այն էլ՝ հիվանդանոցների։ Նման պարտադրանք չկա։ Ես իմ ամուսնու գործունեությամբ այդքան չեմ զբաղվում, բայց ձեր նշածը բացարձակ սուտ է. նման պարտադրանք չկա, չի կարող լինել»:


Նկատենք, որ Էմմա Պալյանը ոչ մի կերպ չհերքեց ամուսնու՝ ավտոլվացման կետ ունենալու հանգամանքը, իսկ պետական պաշտոն եւ բիզնես համատեղելիությունը լրիվ անօրինական է, ինչի մասին ԱԺ-ում հարցախեղդ էր անում ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին:
Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր՝ ՔՊ-ական Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել: ՔՊ պատգամավորը պարզաբանել էր. «Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր եմ, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ, եւ միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի»»:


«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստան վերադարձած 32 ռազմագերիների դիմաց հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց 2 ահաբեկչի՝ Հուսեյն Ախունդովին եւ Ակշին Բաբիրովին, որոնք դատապարտվել էին ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար: Սա ներկայացվեց որպես երկու երկրների կառավարությունների բարի կամքի դրսեւորում, սակայն մինչ այժմ չեն հայտնել, թե կոնկրետ ինչ իրավական ակտով են ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ախունդովին ու 11 տարի ազատազրկման դատապարտված Բաբիրովին բանտից հանել ու հանձնել Ադրբեջանին։ Այս առումով իրավական 3 ճանապարհ կա, մեկը միջազգային կոնվենցիայով է կարգավորվում, ըստ որի՝ ցմահ դատապարտվածին, ով այլ երկրի քաղաքացի է, հանձնում են տվյալ երկրին, որտեղ նա պետք է շարունակի իր պատիժը կրել։ Բնականաբար, դժվար է հավատալ, որ ՀՀ կառավարությունը նման պայմանով է հանձնել այդ ադրբեջանցիներին։ Մյուս ճանապարհն այն է, որ դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում։ Երրորդը՝ վարչապետի առաջարկությամբ նախագահը ներում է շնորհում: Սա, թերեւս, ամենահավանական տարբերակն է, քանի որ նման կարճ ժամկետում դժվար դատական նիստ լիներ, եւ դրա մասին ոչ ոք չիմանար։ Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե իրենց ենթակա քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ադրբեջանցիներն ինչ իրավական ակտով ազատվեցին եւ ուղարկվեցին Ադրբեջան` նրանց ներո՞ւմ է շնորհվել: Մեր հարցին չորով պատասխանեցին․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանն ավելացնելու բան չունենք»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջեւան սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին: Ադրբեջանը վերադարձրեց 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։
Գերիների վերադարձի գործընթացից հետո համացանցում եւ հանրության շրջանում բուռն քննարկվեց նաեւ այն, որ սահմանին գերիների փոխանակումն իրականացնելու գործընթացը լուսաբանում էին միայն ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ հայկական ԶԼՄ-ներն այնտեղ չէին: Մինչ ադրբեջանական պետական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, հայկական լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել անգամ գնալ սահման՝ լուսաբանելու հանրության համար այդ խիստ կարեւոր ու սպասված իրադարձությունը: Տհաճ իրավիճակ էր ստեղծվել նաեւ այն առումով, որ հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի եւ ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից:  «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարություն՝ պարզելու, թե ինչու հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել։ «Նպատակահարմար է համարվել այդպես կազմակերպել, այս դեպքում կարեւորը գերիների վերադարձն է: Այս դեպքում կարեւոր է համարվել, որպեսզի առաջնահերթ կերպով գերիների վերադարձը կազմակերպվի»,- ասաց Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Դատական համակարգում իրարանցում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների մի խմբի տեղեկություններ են հասել, որ իրավապահները որոշ դատավորների մասով օպերատիվ տվյալների են տիրապետում: Մասնավորապես՝ տվյալներ կան, որ դատավորներից մեկը կաշառք է վերցրել: Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ Սնանկության դատարանի դատավորներից կոնկրետ դատավորի շուրջ օղակը սեղմվում է: Ի դեպ, դատական համակարգում անուններ են տալիս, որոնք պոտենցիալ մեղադրյալներ են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն այս պահին չի հրապարակում անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանելու համար: Տեսնենք, թե ինչ արդյունք կունենա իրավապահների օպերատիվ տվյալների մշակումը, եւ ինչ է սպասվում Սնանկության դատարանի դատավորներին»:


«Հրապարակ» թերթը գրում է. Մի քանի օր առաջ «Փյունիկ» ՖԱ սեփականատերը հայտարարեց, որ ընտրվելուց ի վեր Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ֆուտբոլի ֆեդերացիան 70 մլն դոլարի չափ գումար է ստացել, որի ծախսման արդյունավետությունը խիստ կասկածելի է: Պարզ է, որ քանի դեռ ՀՖՖ ղեկավարությանը հովանավորում են իշխանությունները, դժվար թե դատախազությունը ստուգի մամուլի հրապարակումները եւ անհատների հայտարարությունները։ Առավել եւս՝ քրեական գործ հարուցի այդ մասով: Իսկ մամուլում բազմաթիվ անգամներ են տեղեկություններ շրջանառվել, որ ֆեդերացիայի՝ դրսից ստացած գումարների ծախսման մեջ ներգրավված են «կասկածելի» դեմքեր, հաճախ շրջանառվում է նախարար Հակոբ Սիմիդյանի անունը, մասնավորապես, ընդամենը 2 ամիս առաջ հրապարակում եղավ, որ 1.5 մլն դոլար արժողությամբ նախագծի շինարարությունն իրականացրել է նրա ընկերոջ ՍՊԸ-ն, որը նախկինում նման մասշտաբի շինարարության փորձ չի ունեցել:


Այսինքն, Մելիքբեկյանի՝ ՀՀՖ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ոչ միայն խայտառակ հաշիվներ են գրանցվել հայկական ֆուտբոլում, այլեւ բազմաթիվ հրապարակումներ են եղել տարբեր սկանդալների՝ ֆուտբոլի հետ կապ չունեցող մարդկանց գործկոմ բերելու, պայմանավորված խաղերի, բանակից ֆուտբոլիստներին ազատելու հետ կապված։ Ընդ որում, այդ ազատվածները չունեին համապատասխան որակ եւ հիմա կա՛մ դուրս են եկել ֆուտբոլից, կա՛մ, մեղմ ասած, հայկական ֆուտբոլի ապագան չեն եւ այլն: Սակայն այս ամենը Մելիքբեկյանին հետ չպահեց ժամկետը լրանալուն պես կրկին առաջադրվելու մտքից, ու, ինչպես 2019-ին, այնպես էլ հիմա գնում է ընտրության՝ ունենալով բացառապես իշխանական բարձր հովանավորչությունը, իսկ դրա պատճառների մասին մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Ի դեպ՝ բավական հետաքրքիր է ֆանատների շարժումների տարօրինակ լռությունը՝ հավաքականները խայտառակ վատ արդյունքներ են գրանցում, առաջնությունից թիմեր են դուրս գալիս, Մելիքբեկյանի ընտրվելու պարագայում սպառնում է ֆուտբոլից դուրս գալ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկը», ու քար լռություն է։ Այնինչ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ բողոքի բազմաթիվ ակցիաներ էին կազմակերպում։