Կին զինծառայողը ռազմական ոստիկանություն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 23-ին N զորամասի պայմանագրային զինծառայողը դիմել է ՊՆ ռազմական ոստիկանություն՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ։ Ներկայացված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։
Թորոսյանը հավելել է, որ սա վերաբերում է ԶԼՄ-ների հարցումներին, որոնք վերաբերում էին Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած միջադեպին։
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում կանանց գումարտակի մի զինծառայող պատմել էր վերադասների վերաբերմունքի մասին։ Նրա խոսքով՝ զորամասում վերադասները հաճախ գերազանցում են իրենց լիազորությունները և զինվորների հետ շփվում ու վարվում են անհարգալից կերպով։
Զինծառայողը նշել էր, որ անգամ հղի ծառայողներին պարտադրում են մարզումների ժամանակ կրել զրահաբաճկոն, զինվել և զինամթերքով վազել մի քանի կիլոմետր։ Նա պնդել է, որ հրամանատարությունը վիրավորում է զինծառայողների արժանապատվությունը՝ ստիպելով որոշներին նույնիսկ անձամբ դիմել Պաշտպանության նախարարություն։
«Ռազմական ոստիկանությունում ինձ խոստացան, որ վերադասի նկատմամբ քրեական գործ կհարուցվի, սակայն գործնականում որևէ քայլ չարվեց։ Մեր զորամասում զինծառայողները վախի մթնոլորտում են, և հենց դրա պատճառով էլ այսքան ժամանակ չեն բողոքել։ Սպայական կազմը նույնիսկ ասում է, թե ռազմական ոստիկանությունից վախենալու բան չունեն»,– ասել էր նա։