30.09.2025
Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է օրենքով ամրագրել թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները

Օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները, որոնցից են թափոնների տեսակավորումը, գործածության ստորակարգության կիրառումը, շրջակա միջավայրը թափոններով աղտոտողների պարտականությունները: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը սեպտեմբերի 30-ի՝ ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում:


Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:


Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթաց թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման, թափոնների կառավարման համակարգի կատարելագործման նպատակով:


Օրենսդրական նախաձեռնությամբ կամրագրվեն վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները եւ գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն Կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները: Առաջարկվող լրացումներով կամրագրվեն ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար լիազորող նորմեր, կհստակեցվեն վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:


Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի թափոնների ապօրինի աղբավայրերի շահագործումը, իսկ աղբավայրերը տնօրինողներն առավել հետեւողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման հարցում:


Արա Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ վտանգավորություն ունեցող, վերամշակման ենթարկվող, ինչպես նաեւ կոշտ թափոնների հետ իրականացվող գործողությունների մասին:


Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Դանիելյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ:


Ելույթներում պատգամավորները խոսել են Նուբարաշենի եւ հանրապետության տարբեր մարզերի աղբանոցների մասին: Շեշտվել է, որ միջպետական ճանապարհների, բնակավայրերի մոտ գտնվող աղբանոցները պետք է փակվեն, քանի որ անտանելի պայմաններ են առաջացել քաղաքացիների համար:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ընդգծելով թեմայի կարեւորությունը, նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարության համար առաջնահերթություն է վտանգավոր թափոններից առաջացած բացասական ազդեցության նվազեցումը, տնտեսավարող սուբյեկտների մոտ անվտանգության համակարգերի ստեղծումը:


Եզրափակիչ ելույթում Արա Մկրտչյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին ու դիտարկումներին:

Մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերը կթվայնացվեն
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը