30.09.2025
Առաջարկվում է օրենքով ամրագրել թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները
prev Նախորդ նորություն

Մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերը կթվայնացվեն

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնության հեղինակը Կառավարությունն է: Այն առաջին ընթերցմամբ սեպտեմբերի 30-ի ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:


Զեկուցողի խոսքով նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերի թվայնացմանը, մաքսային մարմինների կողմից եկամուտների հավաքագրման եւ մաքսային գործառնությունների արդյունավետության բարձրացմանը:


«Նշված համակարգի ներդրմամբ ակնկալվում է ունենալ առաջընթաց տնտեսավարողների կողմից մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակի, ռեսուրսի խնայողության, մաքսային պարտավորությունների վճարման ավտոմատացման շնորհիվ դրանց կատարման ուշացման ռիսկերի կառավարման, ավտոմատ բացթողնման ծավալի մեծացման, տնտեսավարողների համար իրենց միջոցների եւ պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման, մաքսային մարմինների կողմից եկամուտների հավաքագրելիության ապահովման եւ մի շարք այլ հարցերի մասով»,- ընդգծել է կոմիտեի նախագահի տեղակալը եւ հավելել, որ այսօր պարտավորությունների հաշվառումն իրականացվում է միայն ըստ հարկատեսակների: Փոփոխություններով նախատեսվում է հաշվառումն իրականացնել ե՛ւ ըստ հարկատեսակների, ե՛ւ ըստ մաքսային հայտարարագրերի:


Նշվել է, որ գործող կարգավորումներով պարտավորությունների մարման նպատակով տնտեսավարողները վճարումներ են իրականացնում շուրջ 40 գանձապետական հաշիվներին, որտեղ խնդիրներ են առաջանում սխալ փոխանցումների կամ միջնորդավճարների մասով: Նախատեսվող փոփոխություններով կգործի մեկ միասնական հաշիվ, որից ավտոմատ կիրականացվեն պարտավորությունների մարումները:


Համլետ Սահակյանը տեղեկացրել է, որ գերավճարների հետստացման համար տնտեսավարողներն այսօր ներկայացնում են թղթային եղանակով դիմումներ: Նախաձեռնության ընդունումից հետո այդ գործընթացը եւս կիրականացվի ավտոմատ՝ էլետրոնային դիմումների հիման վրա:


Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը կարեւորել է նախագծի ընդունումը եւ կոչ արել կողմ քվեարկել:


 

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը