25.11.2024
Գյումրիում մեկնարկել է Զարգացման առաջնորդների ֆորումը
prev Նախորդ նորություն

Բաքվից հայ գերիների վերադարձը կարող է տեղի ունենալ հաշված օրերի կամ ժամերի ընթացքում

Քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձել տուն, լրատվամիջոցները պետք է ձեռնպահ մնան գերիների անունների որևէ ցուցակ հրապարակելուց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։


«Սա շատ զգացմունքային հարց է։ Դուք պետք է հասկանաք, թե որքան դժվար կարող է լինել այս ամենը գերիների ընտանիքների համար։ Ուստի խնդրում եմ անուններ չհրապարակել, քանի դեռ չեն հատել Հայաստանի սահմանը»,- ասաց Խանդանյանը։ Պատգամավորը դժվարացավ պատասխանել հարցին, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա՝ հավելելով. «Ըստ հայտարարության՝ շատ շուտով։ Սա կարող է տեղի ունենալ հաշված օրերի կամ նույնիսկ ժամերի ընթացքում»։


Նա տեղեկացրեց, որ փոխանակումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին։


Հիշեցնելով, որ, ըստ իրավապաշտպանների, Բաքվում հայ բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է մոտ 80 մարդ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները մտադիր պաշտպանել այդ մարդկանց շահերը այն պայմաններում, երբ Բաքվում չեն ճանաչում նրանց գերության փաստը։ Խանդանյանը նշեց, որ երեկվա հայտարարությունը ավելի մեծ գործընթացի մի մասն է միայն, որը տվել է որոշակի արդյունք։ Հավաստիացրեց՝ Հայաստանը կշարունակի բարձրացնել գերիների վերադարձի հարցը ինչպես դիվանագիտական, այնպես էլ իրավական մակարդակով։