ԱՍՀ նախարարը Շանհայում այցելել է տարեցներին խնամքի ծառայություններ տրամադրող հաստատություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը Շանհայում այցելել են տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից, նրանք շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել տրամադրվող ծառայությունների շրջանակին, տարեցների խնամքի կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև շահառուների ազատ ժամանցի և զբաղվածության ապահովման գործընթացին։
Ներկայացվել են նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող մանրամասներ, որոնք հնարավորություն են տալիս տարեցներին մատուցվող ծառայությունները դարձնել առավել արդյունավետ ու հասցեական։
Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում դիտարկվել է նաև լավագույն փորձի փոխանակման, այդ թվում՝ որոշ նորարարական լուծումներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում տեղայնացնելու հնարավորությունը։
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական կապ հաստատել և համագործակցել տարեցների հիմնահարցերի ոլորտում։