Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ փոխգործակցության հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ փոխադարձ բարձրաստիճան այցերի միջոցով։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի կյանքի կոչմանը։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի երկրների միջև արդյունավետ փոխկապակցվածության, հետևաբար նաև՝ կայունության երաշխիք։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ, և ի թիվս այլ բնագավառների, ընդգծվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության առկա ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը։
Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ընդգծելով ՀՀ ամուր հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հարավային Կովկասում կայունության հասնելու, առավելապաշտական նկրտումներից, ուժի կամ ուժի սպառնալիքի շարունակական կիրառման գործելաոճից հրաժարվելու հարցում Ադրբեջանի հստակ հանձնառության կարևորությունը։