Մովսես Հակոբյան. Ադրբեջանական նոր ագրեսիայի հետևանքները Բաքվի համար կլինեն շատ ծանր

Հրադադարը լավագույն լուրն է եղել, որ Ադրբեջանի և Արցախի ժողովուրդն իմացել է, որովհետև հրադադարի ռեժիմին սպասում էին բոլորը, չնայած որ այն պարտադրվել է Ադրբեջանին, նա պարտադրված է եղել գնալ դրան: Այս մասին մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի կնքման պայմանագրին: Հիշեցնենք, որ երեկ լրացավ հրադադարի ռեժիմի կնքման 21-րդ տարին:

«Սկզբնական շրջանում հրադադարի ռեժիմը բավականին լավ պահպանվում էր, և, ընդհանրապես, որպես այդպիսին միտումնավոր խախտումներ չէին լինում: Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը միտումնավոր խախտվում է և որոշակի նպատակներ է հետապնդում: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ սխալվում է, փորձ է անում վերսկսել պատերազմը, ինչն անկասկած նորից բերելու է հրադադարի, և ես վստահ եմ, որ այդ ժամանակվա հրադադարը Ադրբեջանի համար ևս լինելու է պարտադրված և ավելի ցավոտ, քան այն կարգավիճակը, ինչն այսօր կա»,-ասաց նա, հայտնում tert.am-ը:

Մովսես Հակոբյանը նշեց, որ Արցախի բանակը երբեք չի ուզում պատերազմ սկսել: «Մենք դա հայտարարում ենք քաղաքական իշխանության բոլոր հայտարարություններով, և բանակցային գործընթացում ևս ասում ենք, որ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ և մեր հարցերը կարգավորվել բանակցային գործընթացի սեղանի շուրջ: Արցախի քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է փոխզիջումային տարբերակին, ինչը չի ընկալում Ադրբեջանը, նա ընկալում է միայն զիջում»,- ասաց նա և նշեց, որ եթե չկա փոխզիջում, ապա միայն զիջումով պատերազմները կամ հակասությունները երբեք չեն հարթվում:

«Երբ Ադրբեջանը կհասկանա, որ կարելի է գնալ փոխզիջման և այդ փոխզիջումն ինքը ճիշտ ընկալի, կարծում եմ, որ խաղաղությունն այս տարածաշրջանում կհաստատվի վերջնական, ինչի համար բոլոր նախադրյալները կան, և որևէ գաղտնիք այս ժամանակաշրջանում չկա»,-ասաց նա: ԼՂՀ ՊԲ հրամանատարը նշեց նաև, որ իրենք քաջատեղյակ են Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մասին, եթե նույնիսկ Ադրբեջանն այդ մասին չհայտարարի:

«Մենք ամբողջությամբ տիրապետում ենք հետախուզական տվյալներին՝ որքան, որտեղ, որ ժամին և ումից են գնել և կարիք չունենք Ադրբեջանի սպառազինության սպառնալիքների»,- ասաց նա և ավելացրեց, որ դրանք որևէ բան չեն փոխելու:

«Մենք դա գիտենք, և մենք մեր տեղում ձեռքներս ծալած չենք նստելու, Ադրբեջանին համահունչ մենք մեր ստորաբաժանումները սպառազինել ենք: Մենք մեր բանակը ոչ թե զինում ենք պատերազմ սկսելու, այլ զինում ենք խաղաղություն պաշտպանելու համար, մենք այդպես ենք ուզում ապրել, մենք որևէ մեկին ցավ ու դժբախտություն չենք ցանկանում պատճառել, բայց նաև չենք հանդուրժի, որ որևէ մեկը մեր դժբախտությունների վրա երջանկություն կառուցի, դա բացառված է»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Սա մեր ամենամեծ դասն է, այլևս հայ ժողովուրդը ցեղասպանություն չի ապրելու և այլևս իր հայրենիքը չի լքելու, սա բոլորը պետք է հասկանան և՛ մեր հակառակորդները, և՛ մեր բարեկամները: Երբ կհասկանան, բանակցելը շատ հեշտ է լինելու, և մենք, որպես հարևան ժողովուրդ, կարող ենք իրար կողք կողքի ապրել»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...