26.11.2024
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության հիմնական ուղղություններով
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ունենալու է զարգացման նոր որակի բարձրանալու մեծ հնարավորություններ. ֆիննախ

Չնայած դժվարին մարտահրավերներին՝ հուրախություն բոլորիս, Հայաստանի տնտեսությունը դրսեւորել եւ շարունակում է դրսեւորել բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում՝ շնորհիվ Կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից շարունակաբար իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների եւ համարժեք գործողությունների: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:


Նախարարի խոսքով տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ: Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաեւ այս տարվա առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ունենք 9. 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է Կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակներում եւ ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել:


2024 թվականին եւս նախատեսվում է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ եւ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0.75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 մլրդ դրամ՝ 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից ավելի լինելով 342 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով:


2024 թվականի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 մլրդ դրամ՝ գերազանցելով 2023 թվականի ճշտված բյուջեի ծախսերը շուրջ 415 մլրդ դրամով կամ 16 տոկոսով, որից կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ՝ 2023 թվականի կապիտալ ծախսերից ավելի լինելով 126 մլրդ դրամով կամ 22 տոկոսով:


Գալիք տարում բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3.2 տոկոսը, որի հետեւանքով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի տարեվերջին կկազմի 48.4 տոկոս:


Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվելիք աջակցության ծրագրերը՝ նախատեսված 2024 թվականի պետական բյուջեով:


Ըստ այդմ՝ 2024 թվականի երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության եւ կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները՝ հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին:


«Կնախատեսվեն թոշակների եւ նպաստների գծով հավելյալ ծախսերը, ինչը կպահանջի հավելյալ մոտ 30 մլրդ դրամ: Կնախատեսվեն կրթության եւ առողջապահության գծով հավելյալ ծախսերը: Բնակարանային եւ աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերն այս պահին չեն պլանավորվի բյուջեով, որովհետեւ դրանց մշակումը եւ հաստատումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին: Այնուամենայնիվ, զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերի պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- ասել է նախարարը:


Ամփոփելով ելույթը՝ Վահե Հովհաննիսյանը վստահեցրել է, որ չնայած տարածաշրջանային եւ գլոբալ հսկայական մարտահրավերներին՝ 2024 թվականին ունենալու ենք զարգացման նոր որակի բարձրանալու մեծ հնարավորություններ՝ ամենատարբեր ուղղություններով: «Մեր գիտակից եւ հետեւողական գործողությունների շնորհիվ է միայն, որ կկարողանանք այդ հնարավորությունները նյութականացնել եւ ստեղծել մի միջավայր, որտեղ մի կողմից յուրաքանչյուր ոք կկարողանա բացահայտել իր տաղանդները, մյուս կողմից մեր պետությունը դարձնել աշխարհի տաղանդավոր մարդկանց համար ապրելու ցանկալի վայր՝ դրանով բարձրացնելով Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը»,- եզրափակել է Ֆինանսների նախարարը: