Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվել է «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» հայերեն գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է ԵՊՀ-ի, Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի գրողների միության համագործակցության արդյունքում։
Ինչպես հայտնում են ԵՊՀ-ից, ժողովածուն առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում ղազախական՝ հրաշապատում, կենդանիների մասին, երգիծական ու կենցաղային հեքիաթների ողջ աստղաբույլը։ Գիրքն ունի ծավալուն առաջաբան (հայերեն և ղազախերեն), ինչպես նաև մանրամասն ծանոթագրություններ։ Գիրքը հրատարակության են երաշխավորել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդները։ Հեքիաթները թարգմանել են ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, բանաստեղծ, թարգմանիչներ Վարուժան Խաստուրը և Արման Սաֆարյանը։
Ըստ աղբյուրի՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, իր ելույթում անդրադառնալով հայ-ղազախական գիտակրթական համագործակցությանը, նշել է, որ համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հենքի վրա գործող Աբայի անվան Ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը դարձել է այդ գործակցությունն ամրապնդող կամուրջ։ Ֆակուլտետի արևելագետների աշխատանքները բարձր են գնահատել Ղազախստանի քաղաքական ղեկավարությունն ու գիտական հանրույթը։ Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի, և համատեղ ջանքերի արդյունքում կիրականացվեն նոր ծրագրեր։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը բարձր է գնահատել ԵՊՀ-ի դերը հայ և ղազախ ժողովուրդների բարեկամության ամրապնդման, մասնավորապես, հումանիտար-մշակութային կապերի հետագա զարգացման գործում։
ԵՊՀ-ի տեղեկացմամբ՝ հեքիաթների ժողովածուն համալսարանի և Հայաստանում Ղազախստանի դեսպանության համագործակցության արդյունքում լույս տեսած 4-րդ հիմնարար հրատարակությունն է։
«Ավելի վաղ լույս են ընծայվել ղազախական գրականության անթոլոգիան, խորհրդային շրջանի ղազախ գրականության դասական Մուհթար Աուեզովի «Աբայի ուղին» վեպ-էպոպեայի երկրորդ լրամշակված հրատարակությունը և Աբայի «Սև խոսքերի» հայերեն առաջին թարգմանությունը՝ մանրամասն ծանոթագրություններով, հայերեն, ղազախերեն և ռուսերեն առաջաբանով։ Վերոհիշյալ բոլոր հրատարակությունները բարձր են գնահատել ղազախ գործընկերներն ու գրչեղբայրները»,- նշել է ժողովածուի կազմող, խմբագիր, առաջաբանի հեղինակ և ծանոթագրությունների համահեղինակ Ալեքսանդր Սաֆարյանը՝ վստահեցնելով, որ համագործակցությունը ղազախ գիտնականների, դասախոսների ու գրողների հետ շարունակվելու է։
Շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը և Վարուժան Խաստուրը։
«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի ուղերձը հրապարակեց ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
Շնորհանդեսին ներկա էին նաև ՀՀ-ում Թուրքմենստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, բարձրաստիճան այլ դիվանագետներ, ՀՀ գիտության, կրթության և արվեստի գործիչներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, լրագրողներ, ուսանողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԵՊՀ-ն ավելի քան մեկ տասնամյակ սերտ համագործակցում է Աստանայի Լ․Ն․Գումիլյովի անվան և ղազախստանյան մյուս առաջատար համալսարանների, ակադեմիական ինստիտուտների հետ։ Շուրջ մեկ տասնամյակ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հենքի վրա հաջողությամբ գործում է Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը, որը նմանօրինակ առաջին կառույցն է եղել ԱՊՀ-ում։