ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իրավապահ համակարգը լիովին վերահսկում է իրավիճակը Մայր Աթոռի շուրջ և բացառում է որևէ բախման հնարավորություն։
Դեկտեմբերի 18-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանությունն ունի բոլոր լծակները՝ չեզոքացնելու սադրիչ գործելակերպ դրսևորող անձանց և պահպանելու հասարակական կարգը։
Լարվածությունը պայմանավորված է Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսների նախաձեռնությամբ, ովքեր պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նրան «հանգստի կոչելով»: Եպիսկոպոսները հավաք են հրավիրել Էջմիածնում, ինչին ի պատասխան ընդդիմադիր շրջանակները կոչ են արել մոբիլիզացվել՝ ի պաշտպանություն Վեհափառի։
Նիկոլ Փաշինյանը, թեև նշել է, որ անձամբ չի մասնակցելու հավաքին, եպիսկոպոսների հրավերը որակել է լեգիտիմ՝ ընդգծելով, որ չի ուղղորդում նրանց, բայց աջակցում է։ Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն հորդորել է զերծ մնալ սադրանքներից, իսկ Մայր Աթոռը խորը մտահոգություն է հայտնել եկեղեցու ներսում պառակտում մտցնելու փորձերի առնչությամբ՝ հավատացյալներին կոչ անելով չտրվել սադրանքների։
Պետություն-Եկեղեցի հակամարտության նախապատմությունը
Նիկոլ Փաշինյանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններում ճգնաժամը սկիզբ առավ 2018 թվականի հեղափոխությունից հետո, սակայն առճակատումը բացահայտ փուլ թևակոխեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։
Այդ ժամանակ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհուրդը պաշտոնապես պահանջեցին վարչապետի հրաժարականը՝ նրան համարելով պատասխանատու երկրի առջև ծառացած աղետի համար։
Հակամարտությունը նոր թափ ստացավ 2024 թվականի գարնանը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ դառնալով իշխանափոխության պահանջով փողոցային պայքարի առաջնորդ։ Իշխանությունն արձագանքեց կոշտ հռետորաբանությամբ՝ քննադատելով հոգևորականների քաղաքականացվածությունը, սպառնալով վերանայել եկեղեցու հարկային արտոնությունները և կասկածի տակ դնելով եկեղեցու պատմական դերակատարումը։
Ներկայիս զարգացումները, երբ բարձրաստիճան հոգևորականները ներսից են պահանջում Կաթողիկոսի հեռացումը, դիտարկվում են որպես այս երկարատև հակամարտության գագաթնակետ։