Հայաստանը սպասում է ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակին. Փաշինյանի արձագանքը
Լուսանկարը` Sputnik
Տարածաշրջանային տնտեսական կապերը վերականգնվում են. դեպի Հայաստան է ուղեւորվել Ադրբեջանից վառելիք տեղափոխող առաջին գնացքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է սպասվող մատակարարումը՝ այն որակելով որպես խաղաղության շոշափելի արդյունք, որը հնարավորություն է տվել քաղաքական պայմանավորվածությունները վերածել մասնավոր հատվածի կոմերցիոն գործակցության։
Դեկտեմբերի 18-ի ճեպազրույցում կառավարության ղեկավարը հաստատեց, որ Հայաստան պետք է ժամանի SOCAR ընկերության արտադրության «Պրեմիում» (ԱԻ-95) տեսակի բենզինով բեռնված 22 վագոն։ Թեև գործարքը զուտ առևտրային բնույթ է կրում և իրականացվում է միջազգային շուկայական գներով, Փաշինյանն ընդգծեց, որ առանց քաղաքական կամքի նման առևտուրն անհնար կլիներ։ Վարչապետի խոսքով՝ բիզնեսը տեղեկացված է նոր հնարավորությունների մասին և ազատ է գործարքներ կնքելու հարցում։ Այս պահին խոսքը մեկ գնացքի ժամանման մասին է, ինչը կարող է նախադեպ դառնալ Հայաստանի էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման համար։
Հայաստանի վառելիքի շուկան
Նավթի սեփական պաշարներ և վերամշակման հզորություններ չունեցող Հայաստանն ամբողջությամբ կախված է ներկրումից։ Երկրում բենզինի և դիզվառելիքի տարեկան պահանջարկը գնահատվում է մոտ 450-550 հազար տոննա։ Շուկայի դոմինանտ մատակարարը Ռուսաստանն է, որտեղից ԵԱՏՄ քվոտաների շնորհիվ վառելիքը ներկրվում է առանց արտահանման մաքսատուրքերի։ Երկրորդ խոշոր ուղղությունը Իրանն է (հիմնականում՝ դիզելային վառելիք), փոքր ծավալներով ներկրումներ կան նաև Եվրոպայից։
Ներքին շուկայի խոշորագույն խաղացողներն են «Ֆլեշ», «CPS», «Ռան-Օյլ» և «Մաքս Օյլ» ընկերությունները։ Ադրբեջանական վառելիքի հնարավոր մուտքը կարող է փոխել շուկայի մրցակցային պատկերը։