26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Պետք է անշեղորեն կատարվեն Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները

Եռանախագահների հայտարարության մեջ հստակորեն նշված են բոլոր այն խնդիրները, որոնք նրանք ցանկանում են քննարկել կողմերի հետ կամ մտադիր են բարձրացնել կողմերի հետ: Դա է հիմնականը, ինչ կարող էր քննարկվել այդ կարգի հանդիպումներում: Այս մասին Համբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եռանախագահները ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Ո՞ւմ է ուղղված դա: Պարզ է, թե ում է ուղղված: Մենք միշտ հանձնառու ենք ուժի չկիրառմանը և ուժի սպառնալիքի չկիրառմանը: Ադրբեջանն է, որ ամեն կերպ խուսափում է դրան հղում կատարել, և գնաց ոչ միայն սպառնալիքի, արդեն ոչ միայն ուժի կիրառմանը, այլև գնաց խաղաղության դեմ հանցագործության։ Այսպես կարող ենք ասել, որովհետև ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիա իրականացրեց, որի ընթացքում կատարվեցին զարհուրելի բարբարոսություններ: Եռանախագահներն իրենց հայտարարության մեջ խստորեն դատապարտում են բարբարոսությունները, որոնք կատարվել են ապրիլի սկզբին»,-ասել է նա:

Հարցին, թե այդուհանդերձ չի նշվում, թե ովքեր են կատարել այդ բարբարոսությունները, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ կարծում է, թե նրանք, ովքեր զբաղվում են այս հարցով, լավ պատկերացնում են ու լավ գիտեն, թե ում մասին է խոսքը.

«Եռանախագահները միջնորդներ են, մենք էլ կցանկանայինք, որ հասցեական լինեին, իհարկե, դա ճիշտ է, բայց եռանախագահները միջնորդներ են և պետք է փորձեն դիվանագիտական լեզվով արահայտվել։ Դիվանագիտական լեզուն էլ շատ հստակ մատնանշում էր այն, ինչի մասին խոսում ենք: Թեև Շտայնմայերը խոսեց այդ մասին, ասաց, որ չի ուզում մատնանշել, բայց պարզ է, թե ով է, հստակ է»,- ասել է նա:

Եռանախագահները, նրա խոսքով, ասում են այն մասին, որ պետք է անխտիր հանձնառու լինել և կատարել 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերը: Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է: Բալբանդյանը բացել է որոշ փակագծեր.

«Համանախագահները նամակներ էին ուղարկել Նյու Յորք և Վիեննա, ես մեկ անգամ դրա մասին արդեն ասել էի, որտեղ, ի պատասխան Ադրբեջանի փորձերին հարցականի տակ դնել այս եռակողմ անժամկետ համաձայնագրերի ուժի մեջ գտնվելը, եռանախագահող երկրներն ասեցին՝ ոչ, այս համաձայնագրերը ուժի մեջ են և պետք է անխտիր դրանք կատարվեն: Այս անգամ ևս մեկ անգամ, ինչպես ասում են, մատնանշեցին: Եռանախագահները խոսեցին նաև երեք սզբունքների մասին, որոնց հղում կատարելուց անգամ խուսափում է ո՞վ՝ Ադրբեջանը, ոչ թե մենք: Դուք գիտեք, որ մեր Հանրապետության Նախագահը բազմիցս ընդգծել է, որ այո, երեք սկզբունքները, հայտնի սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, այս սկզբունքները հիմնախնդրի կարգավորման հիմքում են: Ադրբեջանը փորձում է ոչ միայն անտեսել, այլև որևէ ձևով հղում չկատարել այս երեք սկզբունքներին: Ոչ միայն այդ սկզբունքներին: Գիտեք, քանի անգամ է եղել, որ ադրբեջանցիները հրաժարվել են որևէ հիշատակում կատարել, որևէ հղում կատարել համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններին: Իսկ դրանք այն հիմնական, հիմնարար փաստաթղթերն են, որոնք վերաբերում են խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա` ավելացնելով, որ այս անգամ եռանախագահները նաև ընդգծել են այն տարրերը, որոնք ընդգրկված են հենց Լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Լոս Կաբոսի, Դովիլի, Էնիսկիլենի հայտարարություններում որպես մեկ անբաժանելի ամբողջություն և որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: ՈԻսկ դա ուղղված է ոչ Հայաստանին:

Ըստ արտգործնախարարի` առաջին հերթին սրանով պետք է զբաղվել և պետք է անշեղորեն կատարվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել կարգավորման գործընթացում.
«Նույնն ասացին եռանախագահները»,- շեշտել է նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով` միշտ պետք է տրամադրվել՝ շարունակելու բանակցային գործընթացը, քանի որ այն այլընտրանք չունի, և Հայաստանը եռանախագահող երկրների հետ միասին շարունակելու է համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն այն հիմքի վրա, որն առաջարկում է միջազային հանրությունը, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այն երեք սկզբունքների, որոնց մասին խոսում են համանախագահ երկրները: Եվ, իհարկե, պարզ է, թե, ըստ եռանախագահների ինչն է ընկած հիմքում, որն է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ և վերջնական կարգավիճակը, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով: Սա է ընկած այդ հիմնախնդրի կարգավորման հիմքում: Եվ երբ, նրա խոսքով, ադրբեջանցիները վերադառնան կառուցողական դաշտ, այդ ժամանակ, իհարկե, հնարավոր կլինի շարժվել դեպի կարգավորում:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ պետք է մեծացնել դիտորդական թիմը, ակնարկելով, որ կան տարաձայնություններ թե որտեղ նրանք պետք է տեղակայվեն, Նալբանդյանն ասել է, որ ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե` ոչ, որևէ հարցով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ թե միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, թե Կասպշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ, և շարունակում է պնդել դրա վրա։

«Իրենց հայտարարության մեջ եռանախագահները ոչ միայն ընդգծեցին «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները», այլև հստակ նշեցին, որ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության հարցում։ Հստակ ասվեց դրա մասին։ Երկրորդը․ հստակ նշվեց, որ պետք է վերացվեն խոչընդոտներն այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը։ Ինչի՞ մասին է գնում խոսքը։ Գիտեք, եթե թիվը մի քանի հոգով ավելացվի, դա շատ բան չի փոխելու։ Կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ ոչ թե 5, 10 կամ 20 հոգու մասին է խոսքը, այլ մի քանի հարյուր հոգի է ավելացվել, և դա էլ շատ բան չի փոխել։ Բայց շատ կարևոր է, որ ինչ-որ խորհրդանշական, սիմվոլիկ մի քայլ արվի, որ երևա, որ` այո, շարժվում ենք առաջ, որ պետք է ավելացվի այդ դիտորդական առաքելության անդամների քանակը, որակը, արդյունավետությունը»,- ընդգծել է նա։

Նալբանդյանը հիշեցրել է, որ Ադրբեջանն ընդհանրապես ի սկզբանե դեմ էր, այժմ էլ ասում է՝ եկեք ավելացնենք մի քանի հոգով, խոսքը 7 հոգու մասին է, բայց եկեք նրանց չտեղակայենք շփման գծում, չտեղակայենք տարածաշրջանում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի, Երևան, թող այնտեղ նստեն, և հետո թույլտվություն հարցնեն Ադրբեջանից, թե երբ գան, կամ չգան այնտեղ։ Բայց այդ դեպքում, նկատել է ՀՀ ԱԳ նախարարը, ինչո՞ւմն է կայանալու այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը.

«Բացի դրանից կան այլ խոչընդոտներ։ Մինչ այսօր բազմաթիվ հանձնաժողովների նիստեր են եղել ԵԱՀԿ շրջանակներում, այդ թվում՝ ֆինանսական, որոնց ընթացքում միայն Ադրբեջանը վետո է կիրառել, այսինքն` խոչընդոտել է, որ ֆինանսավորումը տրամադրվի, և այդ թիմն ընդլայնվի և հնարավորություն ունենա ավելի արդյունավետ ձևով աշխատել: Սրա մասին է խոսքը»։

Բայց եռանախագահները, ըստ Նալբանդյանի, չեն հուսահատվում, և Հայաստանն էլ չի հուսահատվում.

«Եռանախագահների հետ շարունակելու ենք ջանքերը։ Առաջին հերթին ինչի՞ մասին այսօր կարող է խոսք գնալ. դա Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է և, ամենակարևորը՝ անվերապահ հանձնառությունը 1994-1995թթ․ զինադադարի համաձայնագրերի կատարման, բացառապես խաղաղ կարգավորման և, իհարկե, այս մեխանիզմի ստեղծման նկատմամբ: Դա կարող է լինել ոչ միայն հետաքննության, այլև զսպման մեխանիզմ, մի բան, որը կսահմանափակի լարվածությունը տարածաշրջանում և ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցային գործընթացում»,- հավելել է նա։