26.11.2024
ՀՀ նախագահը աշխատանքային այցով եղել է հարավարևելյան սահմանագոտում
prev Նախորդ նորություն

Բոստանջյան. Ոչ սուբյեկտիվ, ոչ էլ օբյեկտիվ պատճառներով պետությունը չպետք է նեղացնի տնտեսվարողին

Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ նոյեմբերի 28-ին դատարանը «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչեց: Նախօրեին Ազգային Ժողովում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ սնանկացումը ձեռնարկության առողջացման եղանակներից մեկն է: Բնականաբար՝ նախկին նաիրիտցիները, պոտենցիալ ներդրող Աշոտ Գրիգորյանը, ով ներդրում կատարելու պատրաստակամություն էր հայտնել, շատ տնտեսագետներ այդպես չեն համարում:

VERELQ-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հորդորեց սնանկացում, առողջացում կատեգորիաները մի կողմ թողնել ու հասկանալ մի շատ կարևոր բան՝ Հայաստանի Հանրապետության համար «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը եղել է և կարող է մնալ մեր տնտեսության լոկոմոտիվը՝ իր արտադրանքի կարևորությամբ, իր կողմից ստեղծվող կապերի կտրվածքով և ընդհանրապես շրջանառության ու գործունեության ծավալների առումով:

«Տարիներ շարունակ, քաղաքական նկրտումներից ելնելով, գործարանը որպես այդպիսին թալանվեց, և ոչ միայն թալանվեց, այլև այդ ձեռնարկությունը դարձավ հիմք, որպեսզի տարբեր, այդ թվում ինչու չէ՝ պետական մարմիններ, իրենց վատ չզգան: Եվ այս ամենի ֆոնին հետին պլան մղվեց «Նաիրիտի» վերագործարկման, արդիականացման և հանրապետության համար դոմինանտ տիրույթ ունենալու անհրաժեշտությունը: Իսկ դրա անհրաժեշտությունը իսկապես ունենք»,- ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանն ընդգծեց՝ անգամ այս պարագայում, սնանկացման գործընթացի ֆոնին ինքը շարունակում է պնդել, որ Հայաստանի Հանրապետության համար «Նաիրիտը» կարող է նորից կարևորագույն դեր կատարել մեր տնտեսության ինչպես արդիականացման, տեխնոլոգիական ինստիտուտների զարգացման, այնպես էլ բազմաթիվ ածանցյալների համար.

«Եթե պետական մարմինները այս ամենի առումով դեռևս գտնվում են անորոշության մեջ, ես կառաջարկեի, որ շուտափույտ գտնեին համապատասխան ներդրողներ, նրանց համար ստեղծեին պաշտպանության իմպերատիվ հրամայական միջոցներ, որպեսզի քիմգիգանտը վերագործարկվի: Քանի որ դա ենթադրում է բավականաչափ մեծ ծավալի ներդրումներ, այդ հանգամանքը գործադիր իշխանության համար, բնականաբար, ստեղծում է մտահոգություն և վախ՝ վերագործարկել, թե ոչ, բայց ես խորապես համոզված եմ, որ «Նաիրիտի» վերագործարկումը կունենա էական և կարևոր նշանակություն ՀՀ տնտեսության արդիականացման համար»,- շեշտեց նա:

Անդրադառնալով մեր տնտեսության մեջ նմանատիպ այլ երևույթների, որոնք հայրենական արտադրողներին «նեղացնում են», մինչդեռ կառավարությունն ամեն անգամ հայտարարում է հակառակն անելու պատրաստակամության մասին, և խոսելով տնտեսավարողների նկատմամբ հաճախակիացած ճնշման դրսևորումների մասին`«Երևան գարեջուր» գործարանի նկատմամբ 100 մլն դրամի տուգանք, «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցում և այլն, Բոստանջյանը նկատեց, որ շուկայական տնտեսության պայմաններում տնտեսվարող սուբյեկտները մշտապես առնչվում են տարատեսակ ռիսկերի, որոնց կառավարումը հաճախ կապված է լուրջ դժվարությունների հետ: Նրա խոսքով, դրանք կարող են կրել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթ: Եվ հիմնական խնդիրը պայմանավորված է նրանով, որ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պետական կառույցների կողմից հաճախ կիրառվում են սուբյեկտիվ մոտեցումներ, որի արդյունքում տնտեսվարող սուբյեկտները հայտնվում են ոչ ցանկալի, իսկ երբեմն նաև չափազանց բարդ իրավիճակներում:

«Դրանք պայմանավորված են իրավական հիմքերի միասնականության, ազատ տնտեսական մրցակցության, ինչպես նաև համապատասխան պատժամիջոցների բացակայությամբ: Այդպես, սուբյեկտիվ մոտեցումների հիմք կարող է հանդիսանալ նաև չհիմնավորված հարկային և մաքսային վարչարարությունը, կոնկրետ գործընթացին բնորոշ հարաբերությունների կարգավորման ոչ համակարգվածությունը, հսկողություն և վերահսկողություն իրականացնողների «շահագրգռվածությունը» և այլն: Իսկ նման իրավիճակները բացառելու համար առաջին հերթին պետք է ապահովել օրենքի գերակայություն, իրավական հիմքերի միասնականություն և անհրաժեշտ պատժամիջոցների սահմանում: Եվ այս գործընթացում չափազանց կարևոր է պետության և տնտեսավարող սուբյեկտների միջև գործընկերային կապերի հաստատումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրակողմից սուբյեկտներին աջակցության ցուցաբերումը»,- թվարկեց նա:

Մեր զրուցակիցը վստահ է, որ այդպիսի մոտեցման արդյունավետության համար անհրաժեշտ է վարչարարության կատարելագործում, փաստաթղթաշրջանառության կանոնակարգում, տնտեսավարող սուբյեկտների շահութաբերության ճիշտ գնահատում, պետական խորհրդատվական ինստիտուտների զարգացում և այլն: Այս ամենի կարևորությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում ոչ միայն բավարարվում են հասարակության պահանջմունքները, այլև համալրվում են բյուջետային մուտքերը, ինչը պետական գործառույթների պատշաճ ու արդյունավետ իրականացման համար ստեղծում է համապատասխան պայմաններ: Այդ իսկ պատճառով, կարևորեց նա, պետությունը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պետք է ստեղծի նպաստավոր պայմաններ, այդ թվում նաև նախազգուշացնելով հնարավար բացասական զարգացումների մասին:

«Իսկ այս ուղղությամբ հաջողության հասնելու համար նախևառաջ հարկ է բացառել հսկողություն և վերահսկողություն իրականացնող կառույցների կողմից օրենքների պահանջների կողմնակալ մեկնաբանություններն ու այսպես կոչված հիմնավորումները»,- ընդգծեց նա:
Որպես օրինակ նա հիշատակեց միջազգային փորձը, օրինակ ամերիկյան «Ջեներալ Մոթորս» ընկերությունը, որը սնանկացման հեռանկարից դուրս բերելու նպատակով դաշնային բյուջեից ընկերությանը 1 մլրդ ԱՄՆ դոլար հատկացվեց, այն էլ առանց հավելավճարի, որի մարումը պետք է սկսվի 30 տարի հետո:

«Սուբյեկտիվ մոտեցումները, որպես կանոն, բացառված են զարգացած երկրներում, ավելին՝ այդպիսի երկրներում տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը գնահատվում է չափազանց բարձր, քանի որ դրանց գործունեության արդյունքները ուղղվում են հասարակության պահանջմունքների բավարարմանը: Իսկ որ ամենակարևորն է՝ դրանք հանդիսանում են բյուջետային միջոցների համալրման կարևորագույն աղբյուր»,- հավելեց նա: