Բուժաշխատողներն այսուհետ անընդհատ կթարմացնեն մասնագիտական որակները. նախարար
ՀՀ գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման եւ կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն եւ հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը՝ բժշկական օգնության եւ սպասարկման որակը բարձր պահելու նպատակով:
Բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկությունները մարդկանց կյանքի եւ առողջության նկատմամբ մեծագույն պատասխանատվությունը հիմք են հանդիսանում մասնագիտական գործունեության ամբողջ ընթացքում նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերման համար, ինչն անմիջականորեն ազդում է նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարձրացման վրա: Ուստի Կառավարությունը հանձն է առել մասնագիտական անհատական լիցենզիաների համակարգի ներդրման, դրա վերագործարկման գործընթացը: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Առողջապահության նախարարը հայտնել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի արդյունքում բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման գործընթացն անցել է մոտ 35.000 բուժաշխատող:
«Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ն կունենա մասնագիտական որակների, հմտությունների, գիտելիքների անընդհատ թարմացմամբ բուժաշխատողներ, իսկ բժշկական սխալների, էթիկական նորմերի խախտման պարագայում բուժաշխատողների նկատմամբ որոշակի վերահսկողություն կունենանք»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ու հավելել, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետն ավագ բուժաշխատողների համար սահմանվել է մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորների ու ռեզիդենտների համար՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:
Ըստ նախարարի՝ օրենքը նախատեսում է անհատական լիցենզիայի երկու տեսակ, մեկը՝ ժամանակավոր, մյուսը՝ ամբողջական գործարկված: Այս տարբերակումը թույլ կտա իրականացնել նաեւ սահմանափակ մասնագիտական գործունեություն:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը հայտնել է, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: