Վիեննայում անցկացվեց հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությունը
Հոկտեմբերի 16-ին ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Վիեննայի ՄԱԿ-ի
գրասենյակում բացվեց «Տերյան մշակութային կենտրոն»-ի՝ հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությունը՝ «Անցյալի ապագան. կին ձեռներեցների հզորացում՝ աջակցելով Հայաստանի ավանդական արվեստի վերածննդին» խորագրի ներքո:
Ներկայացվեց հայկական ավանդական տարազի ավանդույթները և դրանց հետ կապված ժողովրդական ձեռարվեստի վերականգնումը՝ ապագա սերունդների համար մշակութային հարուստ ժառանգության պահպանման նպատակով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը: Իր
խոսքում դեսպանն ընդգծեց հայկական ավանդական տարազների և գորգերի ուրույն տեղը հայկական հարուստ մշակութային ժառանգության մեջ: Անդրադառնալով ցուցահանդեսի՝ կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը խրախուսելու նպատակին՝ դեսպանը բարձր գնահատեց «Տերյան մշակութային կենտրոն»-ի գործունեությունը՝ որպես արվեստի, արհեստագործական ավանդույթների և ձեռներեցության հաջող համադրման օրինակ:
Իր խոսքում դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտմանը՝ ընդգծելով ազգային մշակույթի՝ դժվարությունների դեմ հայ ժողովրդի տոկունությունը խորհրդանշող առաքելությունը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ: