7.10.2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսում ենք ֆինանսական աջակցության նոր ծրագիր. ՀՀ վարչապետ
prev Նախորդ նորություն

Հունվարի 1-ից ամբողջ ուժով մտնում են գովազդային նոր ստանդարտները. Ավինյան

Հունվարի 1-ից ամբողջ ուժով մտնում են գովազդային նոր ստանդարտները, դրանից հետո մեզանից նեղանալ չլինի. Ավինյանը՝ տնտեսվարողներին:


Մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովազդները պետք է համապատասխանեցվեն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին, չհամապատասխանողները կապամոնտաժվեն: Այդ մասին հարցը ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:


Զեկուցվեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ: Դրանց 80 տոկոսն ապամոնտաժվել է հենց տնտեսվարողների կողմից, երբ ներկայացվել են տեղի ունեցող գործընթացի նպատակները:


«Բոլոր տնտեսվարողներին նաև առաջարկվել է աջակցություն, որպեսզի առկա գովազդն ապամոնտաժելուց հետո մեր նոր ձևաչափի, ընդունված չափորոշիչների շրջանակներում մենք խորհրդատվություն տրամադրենք, թե ինչ տարբերակներով է կարելի նորը տեղադրել:


Եվ այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ տնտեսվարողներին հորդորել, որ գլխավորապես հենց իրենք իրենց ուժերով դա անեն, և մենք էլ կաջակցենք»,- ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ նպատակ չկա ապամոնտաժման ծախսերը որպես փոխհատուցում պահանջել:


«Մեր միակ նպատակը քաղաքի արտաքին տեսքը բարելավելն է: Բոլոր տնտեսվարողներին և հատկապես համագործակցային տրամաբանությամբ գործող տնտեսվարողներին վստահաբար կաջակցենք այս պրոցեսում»,- ասաց Գրիգորյանը:


Անդրադառնալով թեմային՝ Ավինյանը նշեց, որ այս պրոցեսում շատ կարևոր է, որ այս գործընթացը վերաբերի ոչ միայն նոր գովազդ տեղադրող տնտեսվարողներին, այլև հին տարբերակով գովազդ ունեցող տնտեսվարողներին:


«Փաստացի ստացվում է, որ այս փոքր, կարճ ժամկետում որոշակի դիսբալանս կարող է ունենանք, որովհետև նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդներ, բայց դա պետք է փոխվի մինչև հունվարի 1-ը: Այսինքն՝ այս բոլոր տնտեսվարողները, որոնք նախկինից ունեին այդ գովազդի թույլտվությունները, պետք է գիտակցեն, որ մինչև հունվարի 1-ը իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների: Այստեղ փաստացի ժամկետը 2 ամսվա մասին է, և, հետևապես, խնդրում եմ՝ իրենց նույնպես սկսել տեղեկացնել այս գործընթացի մասին, որպեսզի հետո էլի մենք բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք, և կամավոր, ընկերաբար այս պրոցեսը տեղի ունենա, որովհետև քաղաքը իրապես գովազդային աղբից պետք է ազատվի, և այն ռեֆորմը, որը տեղի է ունեցել, պետք է արդեն այս տարվա վերջով մենք, կարելի է ասել, առաջին, մեծ փուլն ամփոփած լինենք: Պարզ է՝ նորերն այլևս թույլ չենք տալիս, բայց հները նույնպես ամբողջությամբ պետք է փոխվեն, և քաղաքի տեսքն էականորեն կփոխվի այս պրոցեսից»,- ասաց Ավինյանը:


Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ որոշակի հուսադրող միտում են նկատում, որ շատ տնտեսվարողներ, հենց իրենք նկատելով այս գործընթացը, անգամ մինչև ծանուցելը ձեռնամուխ են լինում այդ փոփոխությունների կատարմանը:


Ավինյանը, խոսքն ուղղելով տնտեսվարողներին, տեղեկացրեց. «Պետք է բոլորը տեղեկացված լինեն, որ հունվարի 1-ից ամբողջ ուժով մտնում են գովազդային նոր ստանդարտները, հետևապես դրանից հետո մեզանից նեղանալ չլինի»:


 

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար բավականին նպաստավոր պայմաններ կստեղծվեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները