Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը տեխնիկական եւ բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետում առաջարկել եմ «զավակ» բառից հետո ավելացնել «կամ ծնող» բառերը, որի դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը կամ անձինք, որոնք ունեն քաղաքացի զավակ կամ ծնող: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ասել է օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նախաձեռնության հեղինակը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Պատգամավորի հավաստմամբ ներկայացված լրացումը հնարավորություն է ստեղծում ծնողի քաղաքացիության հիմքով չափահաս զավակին եւս տրամադրել քաղաքացիություն:
«ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար բավականին նպաստավոր պայմաններ կստեղծվեն հատկապես ազգային փոքրամասնությունների համար»,- նշել է Ռուստամ Բաքոյանն ու հավելել, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծի մասով առաջարկներ չեն եղել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նախագծի հեղինակից հետաքրքրվել է՝ որքա՞ն ազգային փոքրամասնություն կա ՀՀ-ում եւ հնարավո՞ր է՝ ազգային փոքրամասնության անվան տակ մեր երկրի քաղաքացիություն ձեռք բերեն օտարազգի այլ ներկայացուցիչներ: Ի պատասխան պատգամավորի հարցի՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ՀՀ-ում կա 11 ազգային փոքրամասնություն:
«Հայերից հետո ՀՀ-ում ամենամեծ ազգությունը եզդիներն են, հետո ռուսները, ապա ասորիները, քրդերը, լեհերը, ուկրաինացիները, գերմանացիները, վրացիները, հույները, հրեաները, բելառուսները: Օրենքի ընդունումը ժողովրդագրական պատկերի վրա էականորեն չի ազդելու»,- նշել է պատգամավորը:
Գեղամ Նազարյանի բարձրացրած հարցին անդրադարձել է նաեւ հանձնաժողովի նախագահը: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ խոսքը վերաբերում է վերը նշված անձանց՝ քաղաքացիության համար ՀՀ պատկան մարմիններին դիմելու իրավունք վերապահելուն:
«Որոշակի առումով խստացման ճանապարհով ենք գնում: Նախագծով ամրագրում ենք՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար հնարավոր է դիմել այն դեպքում, եթե քաղաքացին առնվազն 1 տարի մշտապես ու օրինական եղանակով բնակվել է ՀՀ-ում, ունեցել համապատասխան կարգավիճակ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Նա նշել է, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:
Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ նախագծի կազմման ամբողջ ընթացքում ԱԳՆ-ն համագործակցել է Ռուստամ Բաքոյանի հետ, ընդունվել են բոլոր առաջարկները:
Հանձնաժողովը կողմ քվեներով հավանության է արժանացրել նախագիծը: