28.11.2024
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար բավականին նպաստավոր պայմաններ կստեղծվեն
prev Նախորդ նորություն

Գործադիրն առաջարկում է հանրային պաշտպանների համար սահմանել տասնհինգ տոկոսի չափով հավելում

Նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար:


««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:


Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոններով՝ յուրաքանչյուր տարի գրանցվող հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության աճով, ինչպես նաեւ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելու հանգամանքով:


Հիմնական զեկուցողը նաեւ նշել է, որ չնայած հանրային պաշտպանների թվաքանակի վերջին ավելացմանը՝ այս պահին 69-ը, հանրային պաշտպանների ներկայիս թվաքանակը թույլ չի տալիս նրանց չներգրավվել արտաժամյա աշխատանքում:


Փոխնախարարի տեղեկացմամբ հանրային պաշտպանի գրասենյակը բախվել է մի խնդրի, որի շրջանակում հանրային պաշտպանները՝ որպես հերթապահություն, ոչ աշխատանքային օրերին ու ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին, մասնակցում են քննչական եւ այլ դատավարական գործողությունների, կատարում են արտաժամյա եւ գիշերային աշխատանք, սակայն դրա համար լրացուցիչ չեն վարձատրվում: Այնինչ նման դեպքերի համար լրացուցիչ վարձատրության իրավունքն Աշխատանքային օրենսգրքով ամրագրված երաշխիք է. «Նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել միայն արտաժամյա աշխատանքի համար: Առաջարկը չի վերաբերելու գրասենյակի ղեկավարին եւ տեղակալներին»,- մանրամասնել է Լեւոն Բալյանը:


Ներկայացնելով թվային որոշ վերլուծություններ՝ զեկուցողը փաստել է. «2021 թվականի ընթացքում քրեական վարույթների շրջանակում հանրային պաշտպանները` որպես հերթապահություն, շուրջ 244 անգամ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին, մասնակցել են քննչական եւ այլ դատավարական գործողությունների, որից 190 դեպքում` Երեւանում, իսկ 54 դեպքում՝ մարզերում: 2022 թվականի հերթապահությունների քանակը կրկնակի ավելացել է՝ հասնելով 421-ի, որից 307 դեպքում՝ Երեւանում, 114 դեպքում` մարզերում»:


Նշվել է, որ ներկայումս մեկ հանրային պաշտպանը վարում է միջինում 210 քրեական գործ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ փոխնախարարը խնդրել է նախաձեռնությանը տալ դրական եզրակացություն:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվել է՝ արդյոք այս պահին առկա հանրային պաշտպանների թիվը եւ նրանց հավելյալ կատարած աշխատանքը բավարա՞ր են քրեական գործերի պատշաճ որակ ապահովելու համար, թե՞ անհրաժեշտ են այլ կարգավորումներ՝ ավելացնելու հանրային պաշտպանների թվաքանակը: Ի պատասխան՝ զեկուցողը վստահեցրել է՝ պաշտպանների առկա քանակով հնարավոր է ապահովել քրեական գործերի պատշաճ որակ: Փոխնախարարի խոսքով առաջակվող փոփոխությամբ հարցի կարգավորումն առավել ամբողջական է դառնում:


«Փոփոխությունների արդյունքում որքա՞ն կկազմի տրվելիք հավելավճարը»,- հետաքրքրվել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: «Ներկայումս հանրային պաշտպանի աշխատավարձը կազմում է 395 հազար դրամ. նախատեսվում է տասնհինգ տոկոսի չափով հավելում՝ ըստ զբաղեցրած պաշտոնի դրույքաչափի»,- ընդգծել է Լեւոն Բալյանը:


Հարակից ցեկուցող, հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, կարեւորելով նախագիծը, հորդորել է կողմ քվեարկել:


Նախաձեռնության ընդունման կարեւորությունից խոսել են նաեւ պատգամավորները: «Նախագիծը չափազանց կարեւոր է հանրային պաշտպանի գրասենյակի հետագա գործունեությունն առավելապես լավարկելու համար»,- նման կարծիք է հայտնել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:


Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: