Լեհաստանի դեսպանը ճանաչողական այցով Շիրակի մարզում էր
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով մարզում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։
Մարզպետը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է հանդիպման համար․ «Ձերդ գերազանցություն պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Քանի որ մենք առաջին անգամ ենք հանդիպում, սիրով մի փոքր կներկայացնեմ մեր մարզն ու մարզկենտրոն Գյումրին։ Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն, երկրաշարժից հետո, Շիրակը կորցրեց երբեմնի հզորություններն ու տասնամյակներ շարունակ վերականգնման ու կառուցման ճանապարհով անցավ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն դեռ անելիքներ ունենք։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը, պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման նոր ուղի բռնելու համար»։
Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է Շիրակի մարզով, իսկ մարզպետի անմիջական ընդունելությունը համարել է լավ բարեկամությունը շարունակելու և ամրապնդելու կարևոր նախապայման․ «Պարոն մարզպետ, ես ինքս էլ ուրախ եմ մեր հանդիպման համար, առաջին անգամ եմ ձեր մարզում և շատ հաճելի ու ջերմ տպավորություններ եմ ստացել։ Վստահ եմ՝ այն պատրաստակամությունն ու անմիջականությունը, որ դուք ցուցաբերում եք՝ կդառնա մեր համագործակցության ամրապնդման հիմք»։
Մարզպետ Մուրադյանն անդրադառնալով հայ-լեհական ապակենտրոնացված համագործակցության խորացմանը՝ դեսպանին տեղեկացրել է, որ Շիրակի մարզն արդեն ունի համագործակցություն Լեհաստանի Վելիկոպոլսկայա Վոյեվոդության հետ, իսկ Գյումրին ու Արթիկը նաև հուշագրեր ունեն Լեհաստանի Բելոստոկ և Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները։ Շիրակի մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրների լուծման հարցում և երախտագիտություն հայտնել նաև բարեկամ երկրների, մասնավորապես, Լեհաստանի աջակցության համար։
Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ կարևորելով համատեղ ջանքերով տարբեր բնագավառներում գործակցությունն ամրապնդելն ու խորացնելը։
Բարձր եմ գնահատում հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը նաև այսօր և հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել դրանց ամրապնդմանը։