23.11.2024
Փաշինյանը ակտիվ գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով. Մոսկվայում դժգոհ են
prev Նախորդ նորություն

Պետտուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան ներմուծված եւ արտահանվող ապրանքների ծախսերին

Նախագծի կարգավորման առարկան առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումն է: Արդյունքում պետական տուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան այդ ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին:


Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի հերթական նիստում` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Ըստ նրա` նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել ներմուծված եւ արտահանվող` առանձին կատեգորիայի ապրանքների համար մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար վարչարարական ծախսերին համարժեք պետական տուրքի դրույքաչափեր:


Նշվել է, որ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մինչեւ մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար սահմանել տուրք` բազային տուրքի տասնապատիկի չափով, այն է` 10 հազար դրամ:


Իսկ արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար` բազային տուրքի չափով:


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալից հետաքրքրվել է` արդյո՞ք ազդեցության գնահատում եղել է, քանի որ ստացվում է` բազային տուրքը տասն անգամ ավելացվել է: ՊԵԿ փոխնախագահը բացատրել է, որ թվում է, թե պատիկներով է ավելացվել, բայց, ըստ էության, էական ազդեցություն խոշոր արտահանողի համար չունի: «Եթե 1 տոննայի համար 1000 դրամ էր վճարվում, յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար` եւս 300 դրամ, հիմա ասում ենք 10.000 դրամ եւ յուրաքանչյուր հաջորդի համար եւս 1000 դրամ` մաքսային մարմնի ծախսերը որոշակիորեն մարելու համար: Մենք տնտեսվարողների կյանքը չենք բարդացնում, իրենք ակցիզային հարկը հետ են ստանում»,- ասել է նա:

Ըստ Արթուր Մանուկյանի` փոփոխությունն էական ազդեցություն չի ունենում, տնտեսվարողներն էլ չեն դժգոհում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ այս փոփոխությունը մի փոքր փոխհատուցում է այն ծախսը, որը պետք է մաքսային մարմինը կատարի` հիշեցնելով ակցիզային հարկի վերադարձի փոփոխությունը: «10 միավորի օգուտ ենք տվել, հիմա վերահսկողության ապահովման համար 1 միավորի չափով փոխհատուցում է արվում»,- ասել է նա:

Ըստ հանձնաժողովի փոխնախագահի` սա տնտեսվարողների կողմից ձեռնարկված գործընթաց է:


Նշենք, որ նոր փոփոխությամբ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով կամ ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանման գործարքների նկատմամբ:


Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին: