ԵԱՀԿ ԽՎ հաջորդ կանոնադրական նիստը տեղի կունենա Երեւանում
ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մարդկային չափման կոնֆերանսում: Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«ԵԱՀԿ-ի խորհրդարանական հարթակն իր գոյության ամբողջ ընթացքում զբաղվել է ԵԱՀԿ տարածաշրջանում հումանիտար եւ մարդու իրավունքների հետ կապված անվտանգային սպառնալիքների բացահայտմամբ եւ վերացմամբ՝ իր ամենամյա հռչակագրերի միջոցով:
Իր վերջին՝ Վանկուվերի հռչակագրում, ԵԱՀԿ ԽՎ-ն, ի թիվս մարդու իրավունքներին եւ հումանիտար ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, կոչ է արել լիարժեք եւ շուտափույթ լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացում չլուծված բոլոր հումանիտար հարցերը եւ կոչ է արել Ադրբեջանին մասնակցել դրական օրակարգի մշակմանը՝ Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ:
Սակայն այս կոչը մերժվել է Ադրբեջանի կողմից, եւ հակառակ միջոցներ են ձեռնարկվել: Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության շուրջ 10-ամսյա լիակատար պաշարումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան սանձազերծեց այդ մարդկանց դեմ: Արդյունքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան:
Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները եւ դրանց հումանիտար հետեւանքները կարող են լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչման ու ամրապնդման միջոցով: Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել օրեր առաջ Գրանադայում եվրոպական առաջնորդների եւ Հայաստանի վարչապետի կողմից ընդունված համատեղ քառակողմ հայտարարությունը, որում ընդգծվում են վերոնշյալ սկզբունքները:
Հարգելի՛ գործընկերներ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը եւ դրա երրորդ հանձնաժողովը շարունակում են կարեւոր հարթակներ մնալ ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում առկա հումանիտար ճգնաժամերի քննարկման եւ կարգավորման համար: Ուստի, կարեւոր է շարունակել երկխոսությունն այս հարթակում: Վեհաժողովի հաջորդ կանոնադրական նիստը տեղի կունենա Հայաստանում՝ Երեւանում, մեկ ամսից, եւ ես ցանկանում եմ հրավիրել բոլոր մասնակից պատվիրակություններին ակտիվ ներդրում ունենալ աշնանային հանդիպմանը՝ հանուն ավելի խաղաղ, անվտանգ եւ կայուն ԵԱՀԿ տարածաշրջանի»: