26.11.2024
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տարածքի վերադարձի հայցով դիմում է ՄԻԵԴ Թուրքիայի դեմ
prev Նախորդ նորություն

Պատգամավոր. ՀՀ պետական ապարատն ահաբեկված է

Հայաստանում այսօր խաչակրած արշավանք է հայտարարվել պետական ապարատի դեմ։ Ամեն օր կաթիլ առ կաթիլ քամահրանքի նոր ալիք ու մեր կյանքի բոլոր խնդիրների մեղքը անտեսանելիորեն ուղղվում են պետական ապարատի ստորին օղակներ։ Մարդիկ ահաբեկված են։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Այո՛, պետական ապարատի բարեփոխում և չափսերի փոքրացում պետք է մեր երկրին։ Շատ է պետք։ Կրճատե՛ք 3 հազար պետական ծառայող, ես ավելի քան կողմ եմ, բայց 10 հազար մասնավոր նոր աշխատատեղ ստեղծելուց ու 3 հազարին առաջնային համազոր այլընտրանք առաջարկելուց հետո միայն, սիրելի՛ամենահզորներ։ Մի՛ վերցրեք, ու հենց այնպես դուրս մի՛ շպրտեք տարիներ ի վեր իր հայրենիքին ծառայած մարդուն։ Մի՛ մթագնեք ու մի դրդեք մարդկանց կյանքի հանդեպ դառնանալու։ Կառավարել չի նշանակում ճակատագրեր որոշել կամ խեղել դրանք, կառավարել նշանակում է լույս բերել»,- հայտարարեց նա։

Պատգամավորը հորդորեց մեղք չգործել, առավել ևս, որ չարած գործերը թույլերի ու անպաշտպանների չհիմնավորված զոհաբերությամբ քողարկել հնարավոր չէ։ «Պատկերացնու՞մ են արդյոք, որ տարիներ ի վեր գլուխը կախ աշխատող մասնագետի համար 180 հազար դրամ աշխատավարձը կյանքին կապող թելն է, որն առանց այլընտրանք թողնելու կտրելը կործանում է նշանակում: Թերևս չեք պատկերացնում.... Ստեղծե՛ք այլընտրանք, որ մեղք չգործեք»,- հորդորեց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է պետական ապարատի ծախսերի կրճատման մասին, այդ թվում և աշխատատեղերի կրճատման հաշվին: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարություններին հանձնարարված է կրճատել աշխատակիցների շուրջ 20 տոկոսը, փակվում են ԾԻԳ-եր ու ՊՈԱԿ-ներ: Փորձագետները այս ամենի ֆոնին կանխատեսում են արտագաղթի տեմպերի կտրուկ աճ, առավել ևս, որ 2017 թվականին էական փոփոխություններ մարդկանց կյանքում պետությունը չի խոստանում, այլ հորդորում է ավելի ամուր ձգել գոտիները: