Ո՛չ գերիները կներեն, ո՛չ էլ զոհերը. Արցախը չկա, Հայաստանի ապագան մշուշոտ է
Այսօր նորանկախ Հայաստանի պատմության ամենաողբերգալի պատերազմի տարելիցն է. ուղիղ երեք տարի առաջ, սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա:
Արցախյան երկրորդ պատերազմը նաև անվանում են 44-օրյա պատերազմ՝ ուղիղ այսքան օր տևեցին ռազմական գործողությունները, սակայն իրականում այս պատերազմը նաև այսօր չի ավարտվել: Այն շարունակվում է և երեք տարիների ընթացքում բազմաթիվ հայորդիների կյանք է խլել:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով մեկնարկած և նոյեմբերի 9-ին (ռազմական փուլը) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված կապիտուլացիոն համաձայնագրով ավարտված պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։ Երեք տարի անց Հայաստանը միայնակ թողեց Արցախին, որի հետևանքով այսօր այն բռնի հայաթափվում է: Իսկ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին:
Եվ հիմա նրանց ախորժակը Սյունիք է ուզում:
2022 թ. հունվարի 19-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3809 անձ։ Այդ պահին անհայտ էր 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Զոհերի թիվը, սակայն, բոլորովին այլ է...
Մինչ օրս գերիներ կան Բաքվում, որոնց մասին ՀՀ իշխանությունները մոռացել են: Նիկոլ Փաշինյանը նրանց հիշեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ հայտարարեց՝ "մեր գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս էլ մնան"... անցել է 2.5 տարի: Գերիների մասով՝ քար լռություն: Բաքուն էլ այս ընթացքում նոր գերիներ տարավ ու տանում է:
Այսօր Եռաբլուր գնալու օր է.... բայց ո՛չ գերիները կներեն, ո՛չ էլ զոհերը՝ Արցախը չկա, Հայաստանի ապագան մշուշոտ է: