VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին ՔՊ-ականները ներքին քննարկումներ են ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների եւ փողոցներ փակելու մասին: Ուժայինների զեկույցների հիման վրա արված իրավիճակի գնահատումից հետո ՔՊ-ականները հանդարտվել են, եւ խուճապն անցել է: ՀՀ ոստիկանությունից ՔՊ-ին զեկուցվել է, որ գնալով շարժումը մարում է։ Ըստ ուժային կառույցների ներկայացրած վիճակագրության՝ շարժումը մարում է, քանի որ առաջնորդները հստակ գործողություններ չեն իրականացնում, ինչը դժգոհություն է առաջացնում մարդկանց մոտ: Սա է պատճառը, որ վերջին օրերին՝ մի քանի օրվա լռությունից հետո, ՔՊ-ական որոշ գործիչներ սկսել են հայտնվել ֆեյսբուքյան ստատուսների եւ հայտարարությունների մակարդակով: ՔՊ-ականները ոգեւորվել են այդ լուրից եւ ընդդիմադիրներին թիրախավորում եւ քննադատում են այն բանի համար, որ իրենք, փողոցից գալով, հասել են իշխանության, իսկ ընդդիմադիրների կազմակերպած հավաքները ինչպես արագ կազմակերպվում են, նույնքան արագ էլ ցրվում են։ Կարճ ասած, ՔՊ-ականները վստահ են, որ այս անգամ եւս ընդդիմությանը չհաջողվեց իշխանությունը վերցնել: Հիշեցնենք, որ այս նույն ՔՊ-ականները Երեւանի ավագանու ընտրություններին եւս վստահություն ունեին, որ 50%+ ձայն կստանան, սակայն ստացան 32,57%, ու մինչ օրս Երեւանը նոր քաղաքապետ չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականների ընդհանուր «չատն» այս օրերին ակտիվացել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գերլարված օրերին իշխանականներն առավել հաճախ են սկսել հրահանգներ ստանալ վերեւից, թե ամեն քայլափոխի ինչ խոսեն, ինչ գրառում անեն կամ իրենց հարցազրույցներում ինչ խոսեն: ՔՊ-ականներին, մասնավորապես, հրահանգվել է ամեն քայլ անել թիմի հետ համաձայնեցված, առանց թիմի հետ քննարկելու ավելորդ բաներ չխոսել, որպեսզի հանրության՝ առանց այն էլ պրկված տրամադրություններն առավել չսրվեն, ու դժգոհության մեծ ալիքն իրենց նկատմամբ ավելի չմեծանա: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, ՔՊ-ականներին նաեւ հրահանգվել է այս օրերին գործել սինքրոն. ինչ-որ նոր թեմա են դաշտ նետում ու սկսում են ամբողջ թիմով նույն մոտիվներով գրառումներ ու հայտարարություններ անել, որպեսզի իրենց թեզերը համոզիչ լինեն հանրության համար: Սրա մասին է փաստում նաեւ վերջին օրերին իշխանականների պահվածքը սոցցանցերում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում սուր հակառուսական մոտիվներով որեւէ հայտարարություն է անում կամ էլ իրեն հռչակում է Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի «առաջամարտիկ», դրանից հետո ՔՊ-ականները սկսում են մեկ մարդու պես «վերեւից» գրված ու ուղարկված նույնաբովանդակ տեքստը «քոփի» անել ու դնել իրենց էջում՝ առանց իրենց սեփական կարծիքն արտահայտելու՝ իբրեւ համոզիչ փաստարկ Նիկոլ Փաշինյանի ասածներին: Այս ողջ գործընթացն էլ ամենայն խստությամբ հետեւում է ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպեսզի թիմակիցներն ավելորդ բաներ չխոսեն ու կատարեն հրահանգները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության ղեկավարությունը պատգամավորներին օրերս հրահանգել է Երեւանից չբացակայել, թեեւ հարկ չեն համարել բացատրել, թե ինչու: Ասել են` նման հրահանգ կա վերեւից։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ դեռեւս 2-3 ամիս առաջ է քննարկվել Արցախի խնդրի «լուծման» այս սցենարը: Փաշինյանը ՔՊ-ականների մոտ անկեղծացել է, որ արցախցիներին վերջը տեղահանում է սպասվում, որոշել են, որ այդ դեպքում պետական բոլոր կառույցները պետք է աշխատեն` տեղավորեն արցախցիներին Հայաստանում, բայց ոչ մի դեպքում՝ Երեւանում, հակառակ դեպքում իրենք իրենց ձեռքով իրենց իշխանության տակ ռումբ կդնեն։ Ի դեպ, այսօր էլ ՔՊ-ում համոզված են, որ ռուս խաղաղապահներն ինչ-որ պահից թույլ չեն տա, որ մարդիկ լքեն Արցախը, քանի որ իրենց առաքելությունն ավարտված կլինի Արցախում: Որոշ տեղեկություններով, ռուսների հաշվարկով՝ 20-25 հազար արցախցի կմնա, որ իրենց համար Արցախում մնալու լեգիտիմ հիմք ապահովեն: Այդ մասին հարցին Պուտինի մամուլի խոսնակը երեկ պատասխանել է. «Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա դա ասել, քանի որ նրանք այժմ այնտեղ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մենք շարունակում ենք շփումները Բաքվի հետ»։ Երեկվա դրությամբ մոտ 7 հազար արցախցի է Հայաստան տեղափոխվել, պաշտոնական տվյալներով՝ 120 հազար մարդ էր ապրում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ն, պարզվում է, ոչ միայն քաղաքական եւ անվտանգության հարցերում է աջակցում Ադրբեջանին, այլեւ` տեղեկատվական: Ուրբաթ օրը Հանրապետության հրապարակում իրականացված խաղաղ ակցիաները հեռարձակվել են նաեւ ադրբեջանական հեռուստաալիքներով` ուղիղ եթերի ֆորմատով, ինչը նշանակում է, որ տեղում լրագրողական խումբ են ունեցել: Առաջինը դա նկատել է «Երկիր մեդիայի» տնօրեն Բագրատ Եսայանը, ով անմիջապես շտապել է Հանրապետության հրապարակ՝ պարզելու, թե ովքեր են Ադրբեջանի համար ուղիղ եթեր ապահովում: Պարզվել է, որ Ադրբեջանի հետ սինխրոն աշխատանքներ տանող օպերատորներն ազգությամբ ռուսներ են` ռուսական Rutply հեռուստաալիքից: Նրանք Եսայանի հետ զրույցում արդարացել են, որ տեղյակ չեն, թե ինչպես է Ադրբեջանն իրենց ուղիղ եթերից օգտվում: Հավաքի մասնակիցները ռուս օպերատորներին՝ ստիպել են անջատել ուղիղ եթերը, որպեսզի տեսնեն՝ ադրբեջանական ալիքների ուղիղ եթերը նույնպե՞ս անջատվում է: Ռուս օպերատորների ուղիղ եթերն անջատելուն պես անջատվել են նաեւ ադրբեջանական ուղիղ եթերները: Դա տեսնելով` ռուս օպերատորները հեռացել են տարածքից եւ անհետացել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ,որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որեւէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան ներկայացրել են տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել: Իրականում Աղազարյանը եւս հայհոյել է եւ առանց ամաչելու ստել է քննիչին, փաստացի կեղծ ցուցմունք է տվել։ Նշենք, որ Հովիկ Աղազարյանը առաջին անգամ չէ նման պատմության մեջ հայտնվում։ Նա ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլն էր ոտքով հրել ու թափել, սակայն իրավապահները նրան խուլիգանության համար պատասխանատվության չկանչեցին: Արցախցի Տաթեւ Վիրաբյանին էր անձնական նամակով հայհոյել ու կրկին անպատիժ մնացել։ Այնինչ, երբ ՔՊ-ականի հայհոյեցին, իրավապահները անմիջապես գործի անցան ու զինվորի հորը կալանավորեցին. սա ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումն է։
«Փաստ» օրաթերթը գրում է. Շարունակվում են անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու նրա իշխանության հեռացման պահանջով: Այս օրերին ոստիկանությունը անընդհատ բերման է ենթարկում հարյուրավոր մեր քաղաքացիների, ընդ որում, անհամաչափ ուժ կիրառելով, քաղաքացիներին նույնիսկ վնասվածքներ հասցնելով: Սակայն հետաքրքիր է, որ ինչքան շատ են բերման ենթարկվում մարդիկ, այնքան մեծանում է մասնակիցների քանակը: Ավելին, սոցցանցերում բերման ենթարկվողները տեղեկացնում են այդ մասին ոչ թե պարզապես իրազեկման «տոնայնությամբ», այլ նույնիսկ հպարտությամբ:
Ստացվում է՝ այս իշխանության կողմից բերման ենթարկվելն ինքնին պատիվ է հայրենիքի համար մտահոգ յուրաքանչյուր մարդու համար: Այն, որ Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը փաստացի մնացել է իրավապահ համակարգը, և այն, որ դարձել է հայ մարդ ծեծել ու բերման ենթարկել տվող, նորություն չէ: Իսկ թե ինչու են ոստիկաններն իրենց «հենարանային» պարտականությունը նման վայրագությամբ, չարությամբ, «աբիժնիկությամբ» կատարում, առանձին թեմա է: Թերթի նախորդ համարում, անդրադառնալով հատկապես կարմիր ու սև բերետավորների դաժան, երբեմն նույնիսկ անմարդկային պահվածքին, ի թիվս այլ պատճառների, նշել էինք, թե «հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը նրանց կրկնակի կամ եռակի պարգևավճար է խոստացել»: Պարզվեց, որ իրականում խոսքը նույնիսկ խոստման մասին չէ, այլ հենց առարկայական պարգևավճարի: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով ոստիկանները բավական «սոլիդ» պարգևավճարներ են ստացել: Ուշագրավ է, որ նրանք պարգևավճար չէին ստացել նույնիսկ ոստիկանության օրվա առթիվ: Իսկ ահա այս օրերին ստացել են: Հետաքրքիր «զուգադիպություն» է, այնպես չէ՞:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել է, թե ինքն ու Մեսրոպ Առաքելյանը, ի պաշտոնե ու նաև այլ հանգամանքներից ելնելով, տիրապետում են բացառիկ տեղեկությունների, որոնց մասին երբեք չեն խոսել, քանի որ կար ու կա մեկ նպատակ՝ լուռ աշխատել հանուն Արցախի։ Իր ֆեյսբուքյան էջում Մանե Թանդիլյանը նշել է. «Մարդկանց թվում է, թե վերջին 3 տարում Արցախում տեղի ունեցածի մասին ինչ սուտ ու կեղծիք ասես կարող են գրել։ Արցախում տեղի ունեցող ողբերգության ֆոնին իշխանություններն սկսել են մաքրել իրենց մեղքերը՝ դրանք ուղղելով դեպի Արցախ։ Մի բան պետք է անեիք. հանուն Արցախի վերջ տայիք ձեր զազրախոսությանը։ Բայց չէ, իշխանությունն ավելի թանկ է ձեզ համար։
Ու կապ չունի գինը։ Հանրությունը շուտով կիմանա ամեն ինչ, իսկ դուք՝ ձեր խամաճիկներով, կկործանվեք ձեր ստերի և կեղծիքի սարդոստայնում»,- գրել է Թանդիլյանը։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Մեսրոպ Առաքելյանը զբաղեցրել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, Մանե Թանդիլյանը նույնքան՝ շուրջ մեկ տարի եղել է Արցախի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը, և նրանք են համակարգել պատերազմից տուժած արցախահայության սոցիալական երեշխիքներ տալու և օգնություն տրամադրելու գործընթացը, ուստի և բնական է, որ նրանք բավականին լուրջ տեղեկությունների են տիրապետում։ Այս օրերին սոցցանցերում ակտիվ քննարկվում է այս թեման. շատերը նշում են, որ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարները պարտավոր են բաց և թափանցիկ ներկայացնել բոլոր տեղեկությունները, որպեսզի հանրությունն իմանա, թե ում հետ գործ ունենք, և իրականում ով ինչ է արել Արցախի համար։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ու հայության թիվ մեկ օրակարգը, հասկանալի է, Արցախում տիրող ողբերգական վիճակն է, որտեղից արդեն երկրորդ օրն է՝ մարդկանց տարհանում են Հայաստան։ Իսկ ավելի ստույգ՝ իրականացվում է հայության բռնագաղթ Արցախից: Վերջին մարտական գործողություններն ու Արցախի փաստացի ադրբեջանականացման այս գործընթացի ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են սեփական կաշին փրկելու հերթական մանիպուլ յացիաներն իրականացնել։ Իշխանական ողջ քարոզչամեքենան, ներառյալ մերձիշխանական որոշակի շրջանակների ներկայացուցիչներ, տարբեր մեդիահարթակներից տիրաժավորում են այն թեզը, թե «Արցախի կապիտուլ յացիայի մեղավորները Արցախի նոր իշխանություններն են, որոնք հանձնեցին Արցախը»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մանիպուլյատիվ արշավն իրականացվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով. այդ կերպ նա փորձում է ամեն գնով «մաքրել» իր վրայից երկրորդ կապիտուլ յացիայի խարանը՝ վեկտորներն ուղղելով Արցախի նոր իշխանությունների կողմը և այդ կերպ նրանց մեղավոր «նշանակելով»՝ հանրության շրջանում որոշակի «ծխածածկույթ» ապահովելու նպատակով։ Ավելին, այս ընդհանուր իրադարձությունների ֆոնին փաշինյանական ներկայացուցիչները զուգահեռ փորձում են առաջ տանել Սամվել Բաբայանի «թեման», այն է՝ «նա ունեցել է Արցախը փրկելու տարբերակ, սակայն վերջինիս հնարավորություն չի ընձեռվել իրականացնել իր գաղափարները»։ Արցախում, սակայն, մեր տեղեկություններով, չնայած ծանրագույն վիճակին, հիանալի հասկանում են, որ սա բացարձակ կեղծիք է, և այս ամենի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն են, որ վաղուց Արցախից ձեռք էին քաշել և մեր հայրենիքի այդ հատվածը ճանաչել Ադրբեջանի մաս։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Հայոց լեզվի 5-րդ դասարանի դասագրքի կազմը. նախկին դասագրքի կազմը փոփոխված է, եւ, Հայաստանի դրոշի փոխարեն, ադրբեջանական դրոշի գույներով է պատկերված կազմը: ԿԳՄՍ նախարարությունը շրջող խոսակցություններից հետո ներկայացրել է համապատասխան պարզաբանում՝ նշելով, որ դա ապատեղեկատվություն է. «Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5» նոր դասագիրքը, որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել եւ առաքվել է դպրոցներ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից եւ մինչեւ 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է: Նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբեւէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար: Համացանցում շրջանառվող լուրերը, թե նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են եւ աղերս չունեն իրականության հետ»:
Կարծես թե, Մայրենիի դասագրքերի հետ թեման ավարտված է, սակայն ծնողներից շատերը բողոքում են նաեւ Մայրենիի նոր դասագրքերի բովանդակությունից՝ նշելով, որ դրանք երեխաներին սովորեցնում են, որ «զոքանչի համար փեսայի տված խորտիկն ուտելը ծանր է»: Մեկ այլ առիթ են Հայոց պատմության նոր դասագրքերը, որոնք աղավաղում են հայկական դեմքն ու հարցականի տակ դնում հայի ով լինելը։ 2014 թվականի Հայոց պատմության դասագրքերում գրված էր. «…հայերը հայկական լեռնաշխարհի բնիկ տերերն ու ժառանգորդներն են»: Նոր՝ փոփոխված եւ նախարարության կողմից հաստատված դասագրքերում հայի ով լինելու մասին մի քանի տեսություններ կան, որոնցից մեկը հետեւյալն է. «Բալկանյան տեսության համաձայն՝ հայերի նախնիներն են բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռուգյացի գաղութարարները»:
Այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն դասագրքերի տպագրությունը ձախողելուց հետո փորձում է նոր չափորոշիչներով տպագրված գրքերում փոխել նաեւ հայերի ծագումնաբանությունը։ Նշենք նաեւ, որ, ըստ մեր աղբյուրների, դպրոցներում 5-րդ դասարանի ռուսերենի նոր դասագիրք չի լինելու, սակայն նախարարությունից առիթը բաց չեն թողնում ամեն անգամ նշելու, թե բոլոր դասագրքերը 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում մինչեւ սեպտեմբերի վերջ լինելու են։ Սեպտեմբերի գրեթե վերջն է, սակայն նախարարությունը չի էլ նկատում, որ նոր դասագրքերի տպագրությունն իսկապես ձախողված է։ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանրային բարձր քննարկման արժանացած թեմաների վերաբերյալ կանչում է բոլոր ՔՊ-ական պատասխանատու անձանց, բայց ոչ իր կնոջը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, կամ նրա տեղակալներից որեւէ մեկին: Այդպես էլ Հանրայինը պատասխանատուներից չպահանջեց բացատրել, թե ինչու սեպտեմբերի կեսին նոր հասկանալի դարձավ, որ որոշ առարկաներ աշակերտները նախորդ տարիների գրքերով են սովորելու: