Ահազանգ. Տիգրան Ավինյանը հանդիպում է պոլիտեխնիկի ուսանողների հետ
Անկախ դիտորդը հայտնում է.
"Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։
Մեր տեղեկություններով, ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի"։
Հիշեցնենք, որ երկու օրից տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը համարվում է ֆավորիտ թեկնածու:
VERELQ-ը հիշեցնում է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Ընտրական օրենսգրքում ևս ամրագրված է, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: