Կառավարությունը փոփոխություններ է կատարել Հանրակրթության պետական չափորոշչում, որի անհրաժեշտությունը բխում է 2021-2022 և 2022-2023 ուստարիներին Տավուշի մարզի 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-րդ և 10-11-րդ դասարաններում նոր չափորոշչի ներդրման արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը միտված՝ որոշակի դրույթների ձևակերպումները վերանայելու կամ լրացնելու անհրաժեշտությունից:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումը, որի շրջանակներում 2021 թվականի փետրվարին արդեն իսկ հաստատվել էր հանրակրթության նոր պետական չափորոշիչը և այն փորձարկվում էր Տավուշի մարզի դպրոցներում 2021 թվականի սեպտեմբերից։ «Այս տարվա սեպտեմբերից չափորոշիչը պետք է մտնի հանրապետության բոլոր դպրոցներ փուլային տարբերակով։ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում կսկսենք դրա ներդրումը: Միաժամանակ, հաշվի են առնվելով նոր չափորոշչի փորձարկման երկու տարվա փորձը, չափորոշչում առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են եղած գործընթացները լավարկելուն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Արձագանքելով, վարչապետն ընդգծել է, որ Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արդյունքները համարվում են գոհացուցիչ և դրանք շարունակում են լավարկել: Կառավարության ղեկավարը նաև հավելել է. «Ուրախ եմ, որ մենք բավարար քաղաքական կամք ենք ցուցաբերել ժամանակին այդ չափորոշիչը, ի հեճուկս բոլոր բարդությունների, ընդունելու և կիրառելու»:
Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք այս տարվանից է այդ չափորոշչին համապատասխանող դասագրքերը ներդրվելու և ո՞ր դասարաններում է ներդրվելու, ինչին ի պատասխան ԿԳՄՍ նախարարը նշել է, որ դասագրքերը նոր չափորոշչի ներդրման կարևոր բաղադրիչ են.
«Բավարար քանակությամբ դասագրքերի հայտեր չենք ստացել 10-րդ դասարանի համար, դա նշանակում է, որ 10-րդ դասարանում ներդրումը կհետաձգվի մյուս տարի: Մյուս բոլոր դասարաններում դասագրքերը կարելի է ասել, որ ճնշող մեծամասնությամբ ունենք: Դրանք արդեն հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ուսուցիչներն ընտրել են: Տպագրության գործընթացներն ընթացքում են: Մի մասը կլինեն դպրոցներում արդեն բառացիորեն այս օրերին, մյուսները կլինեն արդեն սեպտեմբերի ընթացքում»: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խոսքը 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների մասին է և մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում և գործընթացը նորմալ կսկսվի: