24.11.2024
Բեգլարյան. «Հյուսիս-հարավ» ծրագրում չարաշահումներ երբեք չեն եղել
prev Նախորդ նորություն

Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին. Եթե մի բան կարելի է՝ բոլորին է կարելի

«Սերժ Սարգսյանը ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը 2007 թվականից, Անգելա Մերկելը ղեկավարում է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը 2000 թվականից: Եվ որևէ խնդիր չկա, երբ միևնույն մարդը, եթե վայելում է իր կուսակիցների վստահությունը, շարունակում է երկար պաշտոնավարել»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իշխող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ներքին ժողովրդավարության վկայություն է այն, որ Սերժ Սարգսյանին կուսակցությունում տարիներ շարունակ այլընտրանք չի գտնվում: Եվ արդյոք նույն ՀՀԿ-ն մարդ-կուսակցություն չէ, որոնք, ըստ Սերժ Սարգսյանի, շուտով Հայաստանում վերանալու են:

Նա հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն ներկուսակցական ժողովրդավարացման աստիճանով ամենաժողովրդավական կուսակցությունն է, որտեղ գործում է կարծիք հայտնելու և բանավիճելու հրամայական,բոլոր որոշումներն ընդունվում են քննարկումների արդյունքում և իրենց հարստությունը տարբեր լինելու մեջ է: Այսինքն՝ Հանրապետականը կլոնավորված անդամների կուսակցություն չէ: «Տասնյակ տարիներ մամուլը գուժում է ՀՀԿ ներսում բախումների մասին, բայց եթե այդ բախումները կան, ապա ինչո՞ւ եք խոսում շատ կուռ ուղղահայացի մասին: Եթե չկան՝ պետք է համաձայնել, որ մամուլը սխալվել է այդ հարցում», - նկատեց Աշոտյանը:

Եվս մեկ հարցում Աշոտյանը հիշեց Անգելա Մերկելին. հարցին՝ հնարավո՞ր է, որ 2018 թվականից ՀՀ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, նա նշեց. «Եթե մի բան կարելի է՝ բոլորին է կարելի: Մերկելը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ մտադիր է չորրորդ անգամ ընտրվել, դա իհարկե քննարկվեց, սակայն ոչ մի հակասահմանադրական հակաքաղաքագիտական բան չկա: Եթե ինչ-որ մի բան կարելի է, գլոբալ առումով ենք խոսում, նկատի չունեմ միայն Անգելա Մերկելին կամ Սերժ Սարգսյանին, կարելի է բոլորին»:

Ինչ վերաբերում է շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարությանը, թե Հանրապետականը զտել է իր շարքերից «ՀՀԿ տանիքի ներքո թաքնված, սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներին», բայց անուններ չհնչեցրեց, Արմեն Աշոտյամը ևս զերծ մնաց անուններ հնչեցնելուց: «Մենք այն կուսակցություններից ենք, որ ոչ միայն մարդ ենք ընդունում, այլև մարդ ենք հեռացնում, և նախագահը դրա մասին էր ասում: Անուններ չեմ տալու, բնականաբար, կոռեկտ դա չեմ համարում, ոչ էլ կարևոր: Կարևորում եմ փաստը՝ մենք ոչ միայն ընդունում ենք, այլև հեռացնում»,- ասաց Աշոտյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր անձ ունի իր շահերը, բայց կարևոր է, որ կուսակցական լինելով կարողանա իր անձնական շահերը տեղավորել թիմի շահի մեջ: Իսկ եթե այդպես չի ստացվում, ապա առաջանում են համապատասխան լուծումներ, որոնք բխում են նաև ՀՀԿ կանոնադրությունից: Ըստ Աշոտյանի՝ իրենք դա արել են: