Մենք անչափ կարեւորում ենք մեր երկուստեք փոխայցելություններն Իրան եւ Հայաստան, քանի որ դրանք առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջեւ բարձր մակարդակի համագործակցության զարգացմանը եւ հետագա առավել խորացմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ օգոստոսի 25-ին հանդիպելով Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Արա Շավերդյանի, ԻԻՀ Մեջլիսի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանի, Հոյսեն Հաթամի, Մասումե Փաշայի, ինչպես նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան խորհրդական Ալի Ազղար Շահամաթդարի հետ:
Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ ինքն ուշադրությամբ հետեւում է ոչ միայն հայ եւ իրանցի խորհրդարանականների, այլեւ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտային գերատեսչությունների ղեկավարների պարբերաբար իրականացվող հանդիպումներին ու շփումներին, որոնք վստահաբար նպաստում են քաղաքական եւ տնտեսական բազմաշերտ համագործակցության էլ ավելի խորացմանը:
Ըստ Գեւորգ Պապոյանի՝ մեր երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները նոր չեն, դրանք հազարամյակների պատմություն ունեն, որի հիմքում ընկած է ոչ միայն աշխարհագրական հարեւանությունը, այլ նաեւ պատմամշակութային ընդհանրությունները, փոխադարձ տնտեսական շահերը, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ նույնական մոտեցում ունենալը:
«Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է որպես առանձնահատուկ կարեւորություն ունեցող գործընկեր, եւ մենք կարծում ենք, որ այն հավասարակշռված քաղաքականությունը, ինչը կա, նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- ասել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը: Նա հյուրերի ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:
«Մենք ընդգծում ենք արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը եւ մեծապես կարեւորում ենք, որ մեր բարեկամ գործընկեր խորհրդարաններում եւ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեն հասցեական եւ օբյեկտիվ գնահատականներ, ինչպես նաեւ լինեն ջանքեր՝ ուղղված խաղաղության օրակարգին եւ մեր տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- փաստել է Գեւորգ Պապոյանը:
ԱԺ պատգամավորը, հակիրճ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, շեշտել է հայկական կողմի ջանքերն ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը նրա կարծիքով, վստահաբար, օգտակար եւ շահեկան է տարածաշրջանի բոլոր պետությունների եւ ժողովուրդների համար:
«Կարծում եմ, որ հարկ է ընդգծել առկա խնդիրները խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցման կարեւորությունը»,- նշել է ԱԺ պատգամավորը:
Նա, անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի առեւտրատնտեսական հարաբերություններին, կարեւորել է վերջերս «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը, որը, ըստ պատգամավորի, շահավետ գործարք է երկու պետությունների համար: «Պայմանագրի երկարաձգումը հնարավորություն է տալիս մեզ ավելացնել գազի ներկրումն Իրանից եւ, իհարկե, էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան, որը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու երկու բարեկամ պետությունների տնտեսությունների զարգացման համար»,- ասել է Գեւորգ Պապոյանը եւ հավելել. «Ես տեղյակ եմ, որ տարբեր ոլորտներում եւս այժմ ինտենսիվ քննարկումներ են ընթանում համագործակցության ուղղությամբ, որոնք վերաբերում են թե՛ շինարարությանը, թե՛ կապիտալ ներդրումներին եւ այլ ոլորտներին»:
Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով Իրանի հայ համայնքին, փաստել է, որ հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական եւ քաղաքական կյանքին, ինչի վկայությունն է հայազգի պատգամավորների ներկայությունն Իրանի Մեջլիսում: Ընդգծվել է հայ համայնքի նկատմամբ Իրանի ժողովրդի ջերմ վերաբերմունքի կարեւորությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Արա Շավերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը:
«Հայաստանը, լինելով Իրանի 15 հարեւան երկրներից մեկը, Իրանի կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է: Պետք է նշեմ, որ ե՛ւ Իրանի նախագահը, ե՛ւ հոգեւոր առաջնորդը, ե՛ւ բարձրաստիճան պաշտոնյանները բազմիցս փաստել են Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի կարեւորությունն ու նշել են, որ թույլ չեն տա՝ որեւէ փոփոխություն տեղի ունենա այդ սահմանում»,- ասել է Արա Շավերդյանը:
Անդրադառնալով Իրանի՝ միջազգային կազմակերպություններին անդամակցությանը՝ նա հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի Իրանին դառնալու ԵԱՏՄ անդամ:
Արա Շավերդյանը նաեւ ընդգծել է երկուստեք համագործակցության կարեւորությունը միջազգային կառույցներում:
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը կարեւորել է հայ-իրանական դարավոր բարեկամության ամրապնդումն ու զարգացումը, ընդգծել Հայոց ցեղասպանության տարիներին Իրանի ժողովրդի աջակցությունը ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Նա նույնպես շեշտել է հայ-իրանական տնտեսական համագործակցության ընդլայման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: