Ֆրանսիայի համայնքները մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Արցախ
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության (CCAF) խնդրանքով Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով Ֆրանսիայի տարածաշրջանային համայնքներին մարդասիրական ավտոշարասյուն կազմակերպել 2022 թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Ֆրենկ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը-Ֆրանս, Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Լազուր, Պայ դե Լուար շրջանների և Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքների կողմից:
Անն Իդալգոն, Քսավյե Բերտրանը, Բրունո Ռետայոն, Ժաննա Բարսեգյանը, ինչպես նաև Պատրիկ Քարամը և Միշել Ռուբիրոլան որոշեցին ֆիզիկապես ուղեկցել այս ավտոշարասյունը, որը Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի 30-ի կեսօրին։
CCAF-ը շնորհակալություն է հայտնում համայնքներին ֆինանսական աջակցության, ինչպես նաև այս ծրագրում ներգրավված պաշտոնյաների քաղաքական խիզախության և նվիրվածության համար:
CCAF-ը Ֆրանսիայի և եվրոպական իշխանություններին խնդրում է հատուկ դիվանագիտական միջոցներ կիրառել, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքներով 10 բեռնատարներ անցնեն Ադրբեջանի սահմանած անցակետով և հասնեն իրենց նշանակետին։
Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը գտնվում է սովի եզրին, ժամանակն է համերաշխության, գործողությունների և պատժամիջոցների՝ մեր աչքի առաջ ծավալվող մարդասիրական դրամայի պատասխանատուների դեմ։
Նշենք, որ մարդասիրական ավտոշարասյուն ուղարկելու գաղափարը հայտարարել էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոկեն՝ մարտին Երևանում։