25.11.2024
Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը. «Մայր Հայաստան»
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելու. Միրզոյանը՝ Սխերմերսին

Օգոստոսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:


Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված և նախանշվող քայլերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին:


ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել վերջին երեք տարիներին այս ուղղությամբ դեսպանի կողմից ներդրված ջանքերը՝ հանձնելով ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալ և մաղթելով հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:


Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի՝ մասնավորապես քննարկելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը: Կարևորելով միջազգային կազմակերպությունների, երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը։


Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն և կարող է էականորեն խաթարել տարածաշրջանում կայունության հաստատման գործում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին: