Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն իններորդ անգամ հետազոտություն է կատարել Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ, նկատի ունենալով մեր երկրի անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այդ հետազոտությունը կատարվել է տնտեսագետներ Աշոտ Թավադյանի և Թաթուլ Մանասերյանի ղեկավարած աշխատանքային խմբերի ուժերով:
Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, ներկայացնելով հետազոտության մասին տեղեկատվությունն ասաց, որ մշտադիտարկման և տնտեսագիտական հետազոտության տվյալները ավանդաբար պահանջված են լրատվական հանրության կողմից, մանավանդ, որ վերջին տարիների իրենց կանխատեսումները տնտեսության զարգացման տեսանելի հեռանկարների վերաբերյալ իրականություն են դարձել:
Ըստ այդմ, Եվրասիական փորձագիտական ակումբը արձանագրում է, որ Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ կորոնավիրուսի համավարակից հետո տպավորիչ վերականգնողական աճ է արձանագրում: Կիսամյակի արդյունքներով տնտեսական ակտիվության աճը կազմել է 11,4%: Բուռն զարգացում են ապրել առևտուրը (23,6% աճ), շինարարությունը (17% աճ) և ծառայությունների ոլորտը (16,8% աճ): Կիսամյակի արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 1% աճ, իսկ գյուղատնտեսական ոլորտը՝ 2 % աճ: Էներգահամալիրը արձանագրել է 2,7% անկում:
"Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքով ԵԱՏՄ-ն գլխավորում է Հայաստանի արտաքին տնտեսական գործընկերների ցանկը: ԵԱՏՄ ուղղությամբ է գնում Հայաստանի արտահանման արդեն 53,6%: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ապրանքների արտահանման գլխավոր շուկան, այդ ուղղությամբ է գնում ամենադիվերսիֆիկացված ապրանքային հոսքը: Միևնույն ժամանակ Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 11,7%-ով և կիսամյակի տվյալներով Եվրոպական Միությանը բաժին է ընկնում մեր արտահանման 11,5%",- ասաց Սաֆարյանը:
Բանախոսը գոհունակությամբ արձանագրեց, որ եթե նախկինում և ավանդաբար ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման գլխավոր ապրանքատեսակը հայկական կոնյակն էր, ապա այժմ այդ ուղղությամբ արտահանվում են հեռախոսներ, ավտոմեքենաներ, բժշկական սարքեր և ռադիոսարքավորումներ: Կարևոր է ընդգծել, որ չնայած վերոհիշյալ և մի քանի այլ ապրանքատեսակների արտահանումը աճել է 10 անգամ, այն կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի երկնիշ տնտեսական զարգացման համատեքստում:
Արամ Սաֆարյանը նկատեց. քանի որ վերոհիշյալ ապրանքների մեծ մասը վերաարտահանում է, հարկ է, որ կառավարությունը օգտվի ստեղծված բարենպաստ իրավիճակից և լուրջ ու հետևողական քայլեր ձեռնարկի ազգային արդյունաբերության որակական զարգացման և ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի խթանման համար:
"Երկրորդ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն վստահեցնում է, որ չնայած Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման և արգելամիջոցների պատերազմի հարուցած դժվարություններին, ԵԱՏՄ շրջանակներում հաջողվում է զարգացնել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը: Այս կապակցությամբ Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները, շահագրգիռ հասարակական դաշտը, բիզնես հանրությունը և փորձագիտական ներուժը պետք է ծառայցնել Արևմուտքում Հայաստանի բարեկամներին բացատրելուն, թե Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար որքան մեծ նշանակություն ունի առևտրատնտեսական համագործակցության եվրասիական վեկտորը: Ոչ թե փախչել քննարկումներից ու բացատրություններից, այլ ակտիվորեն և նախաձեռնաբար բացատրել աշխարհում մեր գործընկերներին միության անդամների հետ մեր տնտեսական համագործակցության կարևորությունը",- նշեց նա:
Ապա շարունակեց. Ռուսաստանի հետ անընդհատ աճող առևրտրատնտեսական համագործակցությունը, որի արտահայտություններն են ռուս զբոսաշրջիկների հոսքի շեշտակի աճը, ռուսաստացի ռելոկանտների մասնակցությունը մեր սոցիալ-տնտեսական կյանքին և այլ երևույթներ, ստիպում է մտածել հայ-ռուսական քաղաքական կապերը շարունակաբար ամրապնդելու և Ռուսաստանի հետաքրքրությունը եռակողմ խաղաղ բանակցությունների ընթացքի հաջողությանը ծառայեցնելու մասին:
"Աշխարհում լուրջ դժվարություններ կան մեծ ներդրումներ ներգրավվելու հարցում: Սակայն վերջին մեկ և կես տարվա իրողությունները ցույց են տալիս, որ ռուսական բիզնեսը կարող է շարունակել աճող տեմպերով ներդրումներ անել Հայաստանում: Պետք է մտածել այն մասին, որ ուկրայինական ճգնաժամի ավարտից հետո Հայաստանի տնտեսությունը ունենա այնպիսի գրավչություն, որ ռուս տնտեսավարողների մի մասի հեռանալուց հետո էլ այն շարունակի հետաքրքիր լինել ռուսաստանյան բիզնեսի համար",-նշեց բանախոսը:
Եվ չորրորդ. Եվրասիական փորձագիտական ակումբը հավաստում է, որ տարվա արդյունքով Հայաստանի տնտեսությունը կարող է աճել 7%-ից ավել:
"Այս համարձակ կանխատեսման համար հիմք են հանդիսանում ոչ միայն վերջին տարիների աշխարհի տարբեր հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների ու կենտրոնների կանխատեսումները, այլև վերջին երկու տարվա մեր կանխատեսումների իրականություն դառնալը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին տնտեսական հաջողությունները ծառայեցնել ոչ միայն տնտեսության հեռանկարային ճյուղերի հետագա զարգացմանը, այլև երկրիառջև ծառացած սոցիալական հիմնախնդիրների լուծմանը: Կարծում ենք, որ եկել է ժամանակը լուրջ ծրագրերով նվազեցնել գործազրկության ծավալները, օգնել ցածր վարձատրվող աշխատողներին բարելավվելու իրենց վիճակը: Մենք կարծում ենք, որ եթե չլինեն անսպասելի ֆորսմաժորներ, այս տարին ավարտելու ենք նույնպես տնտեսական տպավորիչ աճով և համախառն ներքին արդյունքի բարձր ցուցանիշով",- հավելեց Արամ Սաֆարյանը: