24.11.2024
Տոյվո Կլաարը հանդիպել է ԵՄ դեսպանի և առաքելության ղեկավարի հետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը խափանել է Արցախի կայուն կապը համացանցի հետ

Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։


«Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ:


Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:


Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ:


Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործ նախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից:


Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո»,- գրել է Բեգլարյանը: