Վարչապետի թռիչքից հետո ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գիշերը ադրբեջանական կողմից ավտոմեքենայով մոտեցել են Կապանի օդանավակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։
«Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ-ից նշում են, որ պատրաստ են նաև համատեղ քննություն անցկացնել և ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ օգոստոսի 17-ին, Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիքի մարզ: Սյունիքի մարզպետարանում քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր հաջորդ շաբաթվանից Երևան-Կապան կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին․ «Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ»,- ասել է նա։