27.11.2024
Ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է ՀՀ Քննչական կոմիտե

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին օգոստոսի 16-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ քննչական կոմիտե։ Նրան ընդունել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։


Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ՝ ի շահ դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ընդհանուր նպատակների և սերտ համագործակցության։


Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ երկու պետությունների իրավապահ համակարգերի միջև ձևավորվել է ջերմ հարաբերությունների բարձր մակարդակ, որին հասնելու գործընթացին մեծապես նպաստել է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։


«Անդրազգային բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերը, այս ոլորտում երկկողմ գործակցության ճկուն կառուցակարգերը, որոնք նպաստել են քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և միմյանց օրենսդրության նկատմամբ լիարժեք հարգանքի հիմքի վրա դրանց արդյունավետ լուծմանը, փաստում են վերջին տարիներին օրեցօր խորացող երկկողմ համագործակցության մասին»,-իր խոսքում նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը` հավելելով, որ հայ-իրանական բարձրարժեք հարաբերությունների լավագույն դրսևորում է հանդիսանում նաև ՀՀ Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը:


Դեսպան Սոբհանին վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ դեսպանատան միջև հաստատված վստահելի, ջերմ հարաբերությունների հենքի վրա հնարավոր է լինելու ընդլայնել փոխգործակցության շրջանակը: Դեսպանն ընդգծել է տրանսազգային բնույթի հանցագործությունների՝ մասնավորապես թմրամիջոցների մաքսանենգության, մարդկանց ապօրինի սահմանահատումների կանխարգելման, նման դեպքերի բացահայտման կարևորությունը, միաժամանակ երկուստեք միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմները հարևան երկրների քաղաքացիների փոխայցելությունների, տնտեսական հարաբերությունների և հատկապես զբոսաշրջային այցելությունների առկա ինտենսիվությունը պահպանելու և զարգացնելու առումով։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության միջև հետագա գործակցության ուղղություններն ընդլայնելու վերաբերյալ:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության ապահովման, հաղորդակցության գործող կառուցակարգերի արդյունավետության առավել բարձրացման խնդիրներին: