25.11.2024
Արմենը գիտակցված է պայքարի առաջնագծում և իր համար այս ամենը կանխատեսելի էր. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերին կխոսի ԱԺ քննիչ հանձնաժողովում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին նիստ կհրավիրի, որի ժամանակ այս անգամ կխոսի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ի դեպ, նրա մասնակցությամբ նիստը կիրականացվի հեռավար կապի միջոցով, քանի որ Հարությունյանը Արցախում է՝ շրջափակման մեջ։ Նկատենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւս խոստացել է գալ քննիչ հանձնաժողով, սակայն հստակ օրն ու ժամը չի ասել։ Բանն այն է, որ Հարությունյանի չներկայանալը ու քաղաքական իշխանությունից սրտնեղելը կապված է իր նկատմամբ հարուցված քրեական գործով, որով դեռ նախաքննական մարմինը վերջնական որոշում չի կայացրել: Դեռ փորձում են գնահատական տալ՝ ՊԲ նախկին հրամանատարը թերացել է, թե ոչ։


«Հրապարակ» թերթը գրում է․ ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Ալիկի Սարգսյանը, ով բնակվում է Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` իրեն պատկանող գույքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաեւ փաստերին ծանոթանալու եւ հայտարարագիր ներկայացնելու համար: Նա դատախազություն է հրավիրվել օգոստոսի 25-ին: Թե կոնկրետ ինչ գույքի մասին է խոսքը, դատախազության տարածած հրապարակային ծանուցման մեջ չի նշվում: Նշենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով կարող է ուսումնասիրություն սկսել միայն 50 մլն դրամը գերազանցող գույքի պարագայում: Հիշեցնենք նաեւ, որ այս իշխանությունը գիշեր ու զօր բողոքում է, թե վարչապետի ընտանիք են «մտնում»՝ կնոջն ու դուստրերին վիրավորում, իսկ ինքն անշեղ կուրս է վերցրել՝ նախկին իշխանավորների կանանց ու դուստրերին իրավապահ մարմիններ տանել-բերելու, որը նախկինում կարմիր գիծ էր համարվում, եւ քննիչները մշտապես խուսափում էին դրանից։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուզան Մուրադյանին հաջողվել է դստեր հետ կապված քրգործերը մաքրել ու լքել Հայաստանը՝ հանգիստ, ապահով կյանք վայելելու: Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Ռուզան Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը, նախկինում տնօրինել է Երեւանի թիվ 125 հիմնական դպրոցը: Նրա պաշտոնավարման ժամանակ մի շարք չարաշահումներ են եղել, որոնց առիթով նախկինում քրգործեր են եղել հարուցված: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հեղափոխությունից հետո տարբեր միջոցներով փորձել է կապի դուրս գալ «թավշյա հեղափոխականների» հետ, որպեսզի մաքրի իր դստերը: Ավելին՝ տեղեկացանք, որ նախկին պատգամավորին ու նրա դստերը հաջողվել է ճողոպրել երկրից: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, այժմ Ռուզան Մուրադյանը Եվրոպայում է բնակվում:


«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն «Արցախ կարպետ» ՍՊԸ-ից 350 հազար դրամ արժողությամբ գորգ է գնել, որն «Արցախ վիշապագորգ» անունն է կրում։ Գնումը կատարվել է «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ, այսինքն՝ այդ գորգը Փաշինյանը կա՛մ ինչ-որ մեկին պիտի նվիրի, կա՛մ էլ պետք է այն փռեն նրա ոտքերի տակ՝ կառավարական շենքում, որն այս պահին վերանորոգման մեջ է գտնվում։ Երկու դեպքում էլ ցինիզմն ակնհայտ է․ պատրաստվում է հանձնել Արցախը, իսկ արցախյան գորգերը կառավարական շենքում փռել՝ որպես հուշ իր կառավարման տարիներին կորսված հայրենիքից։


«Հրապարակ» թերթը գրում է․ Սյունիքում նախապատրաստվում են Փաշինյանի այցին, չնայած դեռ հաստատում չեն ստացել այցի եւ այցի ժամկետների վերաբերյալ, սակայն հուսով են, որ վարչապետը կիրականացնի դեռեւս ամիսներ առաջ պլանավորած ու հետաձգված այցը։ Հատկապես որ վերջին անգամ Սյունիք է մեկնել 2021-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, եւ դա բավականին անփառունակ այց էր։ Պատերազմից հետո կայացած այդ այցի ժամանակ Փաշինյանին «սյունյաց ողջույններ» հղեցին, որին հետեւեցին քրեական գործեր եւ պատժամիջոցներ, որ այլեւս երբեք նրան չվիրավորեն: Ավելի ուշ նրա կինը մեկնեց Սյունիք եւ վարդերի փունջ ստացավ Քաջարանի ըմբոստ քաղաքապետից: Սակայն ՀՀ վարչապետն այդ պահից խուսափում է սյունյաց աշխարհ ոտք դնել: Հիմա ՔՊ-ում կարծում են, որ իրավիճակ է փոխվել, եւ Փաշինյանը չի խուսափի Սյունիք այցելելուց` կհաստատի հրավերը։ Բանն այն է, որ օգոստոսի 19-ին նշվում է Կապանի, իսկ 20-ին՝ Քաջարանի օրը: Վարչապետից բացի, Սյունիք են հրավիրել նաեւ ԱԺ նախագահին, կառավարության այլ անդամների։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեկ բնակարան ունի Դավիթաշեն վարչական շրջանում։ Նա հանդիսանում է այդ բնակարանի համասեփականատերը: Նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Ազգային ժողովի փոխնախագահը տրանսպորտային միջոց չունի, պետական ծառայողական ավտոմեքենայի «հույսին է»: Տեղեկացանք, որ Հակոբ Արշակյանն իր բանկային հաշիվներին տարեվերջին ունեցել է 398 հազար դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 10 հազար դոլար և 4 մլն դրամ։ Մեկ տարվա ընթացքում Արշակյանի դրամական միջոցները կազմել են 11 մլն 186 հազար դրամ։ Արշակյանը նաև 2 մլն դրամը գերազանցող ծախս ունի՝ 5 մլն 448 հազար դրամի չափով, սակայն նշված չէ, թե ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը։ Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը հեղափոխությունից հետո ստանձնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի, ապա՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։ 2019 թվականի հունիսի 1-ին ստանձնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Այսօր արդեն Արշակյանը Ազգային ժողովի նախագահի տեղակալն է:


Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Արշակյանը աչքի էր ընկել իր ագրեսիվ վարքով լրագրողի նկատմամբ: Երևանի սրճարաններից մեկում լրագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում: Դրան հաջորդել էր այն, որ Հակոբ Արշակյանը րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան: Դատախազությունն ընթացք էր տվել հրապարակմանը, հրապարակված տեսանյութն ուսումնասիրվել էր, նշանակվել էին փորձաքննություններ: Գործը, սակայն, իրավական ընթացք չստացավ. Հատուկ քննչական ծառայությունը մերժեց քրեական գործի հարուցումը: Ինչո՞ւ. քանի որ մեղադրյալը պիտի ՔՊ-ական լիներ, ինչը «անթույլատրելի է» Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի կենտրոնում՝ Օպերայի և բալետի թատրոնի հենց հարակից հատվածում, խաղային նոր ատրակցիոն է տեղադրվել: Ատրակցիոնը ուժային չափիչ ֆունկցիա ունի. հարվածում ես, և, ըստ սանդղակի, չափում է հարվածի ուժը: Մարդիկ գումար են վճարում և օգտվում դրանից: Նկատենք, որ կարմիր, հսկա ատրակցիոնը բավական մեծ տեղ է զբաղեցնում և, մեղմ ասած, հարիր չէ մշակութային ամենակարևոր շենքին: Խաղամոլության դեմ պայքարի իմիտացիա անող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոլախաղեր է տեղադրում Երևանի սրտում: Ո՞ւմ գաղափարն է հենց Օպերայի և բալետի թատրոնի բակում այդ անճոռնի, հսկա ատրակցիոնի տեղադրումը, և ինչ անփոխարինելի շահումնավետություն է ապասվում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ատրակցիոնի իրական «տերը» Երևանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն է՝ իշխանական ՔՊ-ից:


Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Սերգեյ Գյոզալյանի հետ: Վերջինս շատ վրդովվեց մեր հարցից, խնդրեց նման հարցերով իրեն էլ չանհանգստացել, այնուհետև՝ հարցը կրկնելուց հետո, ասաց, թե կապ չունի ատրակցիոնի հետ. «Ես ներկայիս պահին որևէ կապ չունեմ բոքսի ապարատի հետ։ Հետո կարող եմ տեղադրել օրենքի սահմաններում ու կապ ունենալ դրա համար, բայց այս պահի դրությամբ կապ չունեմ»,-ասաց նա: Այսինքն՝ նախկինում ունեցել է, և «թղթաբանությունը» փոխված է: Որպես ամփոփում՝ նկատենք, որ իշխող թիմին ամեն անթույլատրելին կարելի է, իսկ եթե շարքային որևէ քաղաքացի փորձի մի ձող ասֆալտի մեջ խրել, համայնքային հողազավթման հոդվածով «կկորցնեն» նրան:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 11-ին Գյումրու ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո իրավապահ համակարգում խորհրդակցություն է հրավիրվել, ու կոնկրետ պահանջ ներկայացվել՝ չխնայել որեւէ կարգազանց վարորդի՝ լինի կին, թե տղամարդ: Իսկ թե որքանով այս հանգամանքը կնվազեցնի պատահարների թիվը, ցույց կտա ժամանակը։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ծառայողական քննություն է նշանակվել այդ տարածքում պարեկային հերթապահություն իրականացնող ծառայողների նկատմամբ: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են Volkswagen մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուր»-ի զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: