Բաքուն կեղծ տեղեկություններով իրադրության վատթարացման մեղքը փորձում է բարդել Արցախի վրա
Օգոստոսի 15֊ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն։