26.11.2024
Երևան-Գյումրի ճանապարհին վթարից տուժածներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում
prev Նախորդ նորություն

Վերահաստատում եմ ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը. Սիմոնյանը՝ Վիկտորինին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 15-ին ընդունել է մեր հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման, Հայաստանի կայուն զարգացման գործում դեսպանի ունեցած մեծ ներդրման համար:

«Ճանաչելով Ձեզ եւ տեսնելով մեր երկրի համար Ձեր սրտացավ աշխատանքը ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցերում՝ վերահաստատում եմ ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը եւ ջանքեր չխնայելու պատրաստակամությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:


Նա ընդգծել է դեսպանի անմիջական մասնակցությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են աջակցելու Հայաստանի հարավային շրջանների զարգացմանը եւ դիմակայունության ամրապնդմանը: Ի պատասխան Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, ինչպես նաեւ ԼՂ հումանիտար իրավիճակին առնչվող օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման եւ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անդրեա Վիկտորինին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով: