ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին
Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ իրենք տեղյակ են, հետևում են դեպքին և այս պահին իրենց լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր են ձեռնարկում այս հարցում որոշակի առաջընթաց ապահովելու համար:
Զառա Ամատունին նշեց, որ Ադրբեջանի կողմից մեկ այլ ձերբակալվածին՝ Վագիֆ Խաչատրյանին ԿԽՄԿ պատվիրակները այցելել են ձերբակալման նույն օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան:
«Մեր պատվիրակները, որոնց թվում էր նաև մեր բժիշկը, Բաքվում տեսակցել են Վագիֆ Խաչատրյանին՝ ըստ մեր ընթացակարգերի, որպեսզի տեղեկանան որպիսության մասին, ստուգեն առողջական վիճակը և ծանոթանան պահման պայմաններին», - ասաց Ամատունին: